Գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամն ընդունել է 2011-ի բյուջեի նախագիծը

Գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամն ընդունել է 2011-ի բյուջեի նախագիծը

PanARMENIAN.Net - Այսօր կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի (FREDA) Հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։

Մինչ նիստի օրակարգին անցնելը վարչապետը շնորհավորել է բոլորին Նոր տարվա առթիվ` նշելով. «Քանի որ FREDA-ն նորաստեղծ կառույց է, ուզում եմ ցանկանալ, որ 2011թ. FREDA-ի համար լինի բեկումնային տարի, որ կարողանանք արդեն ներդրումային շոշափելի ծավալներ ունենալ, և մենք ինքներս էլ գոհ լինենք մեր կատարած աշխատանքից, որովհետև, ըստ էության, ֆինանսական միջոցների պակաս չունենք, և հաջողությունն ամբողջությամբ պայմանավորված է լինելու մեր աշխատանքի արդյունավետությամբ»:

Օրակարգի առաջին հարցով հիմնադրամի տնօրեն Տիգրան Խանիկյանը ներկայացրել է Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի 2010թ. տարեկան հաշվետվության, բյուջեի կատարողականի և տարեկան աշխատանքային ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման վերաբերյալ հաշվետվությունը: Մասնավորապես, նա անդրադարձել է 2010թ. ընթացքում FREDA-ի կողմից իրականացված, ինչպես նաև վերջնական փուլում գտնվող և 2011թ. իրականացվելիք ծրագրերին: Ներկայացված հաշվետվությունը քննարկվել ու հաստատվել է խորհրդի անդամների կողմից: Նիստում քննարկվել և արված առաջարկություններով ու դիտողություններով հանդերձ հավանության են արժանացել FREDA հիմնադրամի 2011թ. ամփոփ բյուջեի նախագիծը, պահպանման ծախսերի նախահաշիվը և 2011թ. տարեկան աշխատանքային ծրագիրը:

FREDA-ի նախորդ նիստի ժամանակ տրված հանձնարարականների կատարման համատեքստում Հոգաբարձուների խորհուրդը հաստատել է Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի 2009թ. ֆինանսատնտեսական գործունեության անկախ աուդիտ իրականացնող կազմակերպության աուդիտորական հաշվետվությունը և եզրակացությունը: Մեկ այլ հարցով խորհուրդը որոշել է հիմնադրամի Ներդրումային կոմիտեի կազմում ներառել նոր այլընտրանքային անդամի և համապատասխան փոփոխություններ կատարել Ներդրումային կոմիտեի կանոնակարգում: Տիգրան Սարգսյանը հանձնարարել է խորհրդի անդամներին հաջորդ նիստի ժամանակ ներկայացնել առաջարկություններ հնարավոր թեկնածուի վերաբերյալ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---