2010-ին մեկնարկեցին ԵՄ հետ ասոցիացման համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունները

PanARMENIAN.Net - Հանրապետության նախագահի արտաքին քաղաքականության սահմանած ուղենիշների և հանձնարարականների հիման վրա 2010 թվականին արտաքին գործերի նախարարության աշխատանքներն ուղղված են եղել պետության զարգացման արտաքին բարենպաստ պայմանների ապահովմանը, երկրի հեղինակության ամրապնդմանը, արտերկրում Հանրապետության և նրա քաղաքացիների շահերի պաշտպանության արդյունավետության բարձրացմանը, միջազգային ասպարեզում Հայաստանի դիրքորոշումների ներկայացմանը, միջազգային կազմակերպություններում և գործընթացներում ներգրավվածության խորացմանը, բարեկամ և գործընկեր երկրների հետ համագործակցության առավել ամրապնդմանը, ինչպես նաև հարաբերությունների կարգավորմանը այն երկրների հետ, որոնց հետ գոյություն ունեն խնդիրներ: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը:

Հայաստանի դիվանագիտության կողմից ձեռնարկված ջանքերի շնորհիվ արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում առավել ակնհայտ դարձավ, որ ՀՀ մոտեցումները համահունչ են միջազգային հանրության դիրքորոշումներին, ինչը արտահայտվեց Աստանայի ԵԱՀԿ գագաթաժողովին դեկտեմբերի 1-ի հնգակողմ հայտարարությամբ, Մեծ ութնյանի գագաժողովի շրջանակներում ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ղեկավարների հունիսի 26-ի Մուսկոկայի հայտարարությամբ, Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հոկտեմբերի 27-ի Աստրախանի հռչակագրով, Ալմաթիի ԵԱՀԿ անդամ պետությունների նախարարների հանդիպման շրջանակներում ընդունված Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների հուլիսի 17-ի հայտարարությամբ:

Տարվա ընթացքում Հանրապետության նախագահն այցելեց ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բոլոր մշտական անդամ երկրներ, հանդիպումներ ունեցավ այդ երկրների ղեկավարության հետ:

Անցնող տարին նշանավորվեց հայ-ռուսական դաշնակցային և ռազմավարական հարաբերությունների առավել ամրապնդմամբ, որի գագաթնակետն էր Ռուսաստանի նախագահ Մեդվեդևի պետական այցը Հայաստան, բանակցությունները Հայաստանի Նախագահ Սարգսյանի հետ, այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները և ստորագրված փաստաթղթերը: 2010 թ. որակական նոր մակարդակի բարձրացան Հայաստանի հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ, ինչը հատկապես նշանավորվեց Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի այցելությամբ Վաշինգտոն, հանդիպումով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ, ինչպես նաև ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի երևանյան այցելությամբ:

Մեկնարկեցին Եվրոպական Միության հետ ասոցիացման համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունները, որոնցում էական առաջընթաց է արձանագրվել: Դրանց արդյունքում էապես նոր հիմքի վրա կդրվի Հայաստանի և ԵՄ միջև համագործակցությունը: Մերձեցումը եվրոպական ընտանիքին շարունակում է հանդիսանալ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից մեկը: Շարունակվել է բազմաբովանդակ համագործակցությունը հարևան Վրաստանի ու Իրանի հետ: Հիմքեր են դրվել այդ երկրների հետ ռազմավարական կարևորագույն նշանակության ծրագրերի իրագործման համար:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---