Հայաստանի քաղաքացիների համար կենսաչափական անձնագրերը կարժենան 1000 դրամ

Հայաստանի քաղաքացիների համար կենսաչափական անձնագրերը կարժենան 1000 դրամ

PanARMENIAN.Net - Հայաստանում անցումը նոր նմուշի կենսաչափական անձնագրերին իրականացվելու է բացառապես կամավոր հիմունքներով: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է Հայաստանի ոստիկանության անձնագրային անցագրային վարչության պետ Նորայր Մուրադխանյանը: Նոր անձնագրեր ստանալու են բոլոր ցանկացողները, սակայն զուգահեռ գործելու են հին նմուշի անձնագրերը: Որոշ ժամանակի ընթացքում քաղաքացիները կարող են ստանալ հին անձնագիրը կենսաչափականի փոխարեն: Թղթե անձնագրի ժամկետը լրանալուց հետո քաղաքացիները կարող են կրկին ստանալ ավանդական անձնագիրը: Միաժամանակ, քաղաքացին չի կարող միաժամանակ ունենալ կենսաչափական և ավանդական անձնագիր: Կենսաչափական անձնագրերին վերջնականապես անցում կատարելու ժամկետները դեռ չեն հաստատվել, նախատեսվում է, որ թղթե անձնագրերը ժամանակի հետ բնականոն կերպով դուրս կգան շրջանառությունից: Ռուսաստանում և Լատվիայում կենսաչափական անձնագրերը 2 անգամ թանկ են ավանդական անձնագրից (համապատասխանաբար 83 դոլար և 30 դոլար): Վրաստանում կենսաչափական անձնագրերի հանձնումը սկսվել է 2010-ի ապրիլից, կենսաչափական անձնագրի արժեքը կազմում է շուրջ 55 դոլար (100 լարի): Իսկ Հայաստանում այն արժի 1000 դրամ (2.7 դոլար):

Հայաստանի քաղաքացիներին կենսաչափական անձնագրեր և ինքնության քարտեր կտրամադրվեն արդեն 2011-ի սեպտեմբերից:

Կենսաչափական անձնագիրը, որը նախատեսված է երկրի սահմաններից դուրս գալու համար, պարունակելու է տվյալներ քաղաքացու անվան, ազգանունի, հայրանունի, ծննդյան վայրի մասին, լուսանկար և երկու ցուցամատերի մատնահետքը:

Էլեկտրոնային ինքնության քարտերը, որոնք նախատեսված են երկրի ներսում անձը հաստատելու համար, պարունակում են նույն տվյալները, սակայն մատնահետքերի փոխարեն կիրառվելու է էլեկտրոնային ստորագրություն: Ինչպես նշել է Նորայր Մուրադխանյանը, կենսաչափական անձնագրերի և էլեկտրոնային ինքնության քարտերի պատրաստման հայտեր են ներկայացրել 8 կազմակերպություններ: Վերջնական որոշում ընդունվելու է 2011-ի սկզբին: ՀՀ նախագահի հանձնարարականով 2008-ի մարտից սկսվել է Հայաստանում կենսաչափական անձնագրերին անցում կատարելու գործընթացը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---