Էստրադային և ջազային արվեստի քոլեջը բողոքում է Երևանի մշակույթի պետական քոլեջի հետ միավորվելու դեմ

Էստրադային և ջազային արվեստի քոլեջը բողոքում է Երևանի մշակույթի պետական քոլեջի հետ միավորվելու դեմ

PanARMENIAN.Net - Էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջը համաձայն չէ Հայաստանի մշակույթի նախարարության՝ Երևանի մշակույթի պետական քոլեջի հետ նրա միավորվման վերաբերյալ որոշման հետ: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտնել է ջազային քոլեջի ղեկավարությունը տնօրեն Ակսել Բակունցի գլխավորությամբ:

Ջազային քոլեջի դասախոս և գլխավոր ադմինիստրատոր Անահիտ Մազմանյանի խոսքերով, նման որոշում ընդունվել է առանց հաստատության ղեկավարության համաձայնության: «Չնայած նրան, որ միավորվելու մասին որոշումն ընդունվել է օգոստոսի 5-ին, մշակույթի նախարարն օգոստոսի 8-ին ընդունել է մեզ և ասել, որ նման բան չկա: Այնուհետև այդ որոշման մասին մեզ հայտնի է դարձել ինտերնետից: Մենք նամակ ենք հղել վարչապետին և կառավարության աշխատակազմին, որն ուղարկվել է մշակույթի նախարարություն: Եվ միայն դրանից հետո նախարարության պատասխան նամակում մեզ ասել են Նադեժդա Սարգսյանի ղեկավարած Երևանի մշակույթի պետական քոլեջի հետ միավորվելու որոշման մասին: Չնայած խոստումներին` մենք մինչև հիմա չենք հանդիպել մշակույթի նախարարի հետ»,- ասել է նա:

Նա նշել է, որ կազմակերպվել է ստորագրահավաք, որին մասնակցել են մշակույթի շուրջ 30 գործիչներ, դասախոսներ, քոլեջի նախկին շրջանավարտներ, այդ թվում` Սյուզան Մարգարյանը և այլոք:

Իր հերթին Ակսել Բակունցը նշել է, որ քոլեջը պետք է ինքնուրույն գործի, բայց եթե միավորումն անխուսափելի է, պետք է միանան ոչ թե իրենք, այլ նրանք: «Ամենայն հավանականությամբ, որոշումն ընդունվել է կապված նրա հետ, որ կառավարությունն այդպես էլ չի կարողացել առանձին շենք տրամադրել, և մենք մինչև հիմա աշխատում ենք Երևանի մշակույթի պետական քոլեջի շենքում: Հնարավոր է, որ հիմա մշակույթի քոլեջի տնօրենը որոշել է անձամբ գլխավորել այդ ամենը»,- ասել է նա:

Իր հերթին, Ստեփան Բաբաթորոսյանը նշել է, որ 1979-ին հիմնված ջազային քոլեջը դարձել է յուրօրինակ ապրանքանիշ, որի անունը չի կարելի ձեռքի մի շարժումով ջնջել:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---