Հայաստանը «Մաքուր զարգացման մեխանիզմի» նախագծերով ԱՊՀ և Արևելյան Եվրոպայի երկրների լավագույն եռյակի մեջ է մտել

PanARMENIAN.Net - «Հայաստանը «Մաքուր զարգացման մեխանիզմի» (Clean Development Mechanism - CDM) նախագծերով ԱՊՀ և Արևելյան Եվրոպայի երկրների լավագույն եռյակի մեջ է մտել: 2010 թվականի դեկտեմբերին Մեքսիկայում կլիմայական փոփոխությունների վերաբերյալ խորհրդաժողովում Հայաստանը Բրազիլիայի և Լուանդայի հետ մեկտեղ հավաստագիր ստացավ` որպես երկիր, որը լավագույն արդյունքների է հասել CDM իրականացման գործում»,- Երևանում կայացած մամլո ասուլիսում հաղորդեց Հայաստանի բնապահպանության առաջին փոխնախարար Սիմոն Պապյանը:

Նրա խոսքով` «Մաքուր զարգացման մեխանիզմի» նպատակը ջերմոցային գազերի համակենտրոնացման նվազեցումն է, ինչպես նաև տնտեսության զարգացումը, որը կայանում է զարգացող երկրներին ներդրումների տրամադրման մեջ, որպեսզի խթանվի արտադրության աճը: Ներդրումները տրամադրվում են զարգացած երկրների կողմից:

«Մեր երկրի կառավարությունը մեծ ուշադրություն է հատկացնում CDM գործընթացներին մասնակցությանը: 2006 թվականին Բնապահպանության նախարարությունը լիազոր մարմին ճանաչվեց այդ հարցում: Սակայն նրան պետք է աջակցեն նաև Էկոնոմիկայի և Սոցիալական ապահովման նախարարությունները»,- ավելացրել է փոխնախարարը: Նա նշել է նաև, որ CDM խորհուրդն արդեն 5 նախագիծ է հաստատել Հայաստանի առնչությամբ, իսկ երկրի Էկոլոգիայի նախարարությունը 6 նախագիծ է հաստատել և հավանություն տվել 3-ին:

Իրագործվող նախագծերը վերաբերում են Նուբարաշենի աղբանոցում բիոգազի հավաքմանը, Լուսակերտի թռչնաֆաբրիկայի օրգանական թափոնների հիման վրա երկրում բիոգազի արտադրության առաջին գործարանի գործարկմանը, փոքր հիդրոէներգետիկայի ոլորտի զարգացմանը և այլն:

«Մաքուր զարգացման մեխանիզմը» (CDM) հիմնադրվել է Կիոտոյի արձանագրության 12-րդ հոդվածի շրջանակներում: Այն թույլ է տալիս ջերմոցային գազերի արտանետման ծավալների նվազման ուղղությամբ նախագծեր իրականացնել այն երկրներում, որոնց համար արտանետման ծավալները սահմանված չեն Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ Շրջանակային կոնվենցիային (ՄԱԿ ԿՓՇԿ) կից Կիոտոյի արձանագրության մեջ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---