«Թուրան» գործակալությունը հաստատել է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանի գործողությունների մասին տեղեկատվությունը

«Թուրան» գործակալությունը հաստատել է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանի գործողությունների մասին տեղեկատվությունը

PanARMENIAN.Net - Ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը նախօրեին հաստատեց «Երկրամաս» թերթում հրապարակված այն տեղեկատվությունը, որ Ռուսաստանում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին «զրույցներ» է ունենում Մոսկվայի թատրոններում աշխատող ազգությամբ ադրբեջանցի դերասանների հետ և սպառնում նրանց պատասխանատվության ենթարկել` հայ-ադրբեջանական հարբերությունների մասին պատմող առաջին գեղարվեստական «Ընդհատված երգը» ֆիլմի ստեղծման աշխատանքներին մասնակցելու դեպքում:

Ադրբեջանցի դերասանը, ում մասնակցությամբ դեկտեմբերին նկարահանվել էին բազմաթիվ տեսարաններ, ադրբեջանական ԶԼՄ-ների` ֆիլմի շուրջ ծավալված հիստերիայի պատճառով, օրերս հրաժարվել էր նախագծում մասնակցելուց: «Կարծես թե հայկական քարոզչության դեմ Բաքվի պայքարը տալիս է իր արդյունքը: Ամեն դեպքում, պայքարն ընդդեմ «Ընդհատված երգի» հաջողվեց,- հաղորդում է «Թուրան» -ը` դրանով իսկ հաստատելով, որ, փաստացիորեն, «Ընդատված երգի» դեմ թունոտ արշավն արդեն իրականացվում է պետական մակարդակով` ի դեմս Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանի: Սա ևս մեկ անգամ վկայում է, պաշտոնական Բաքվի` հայկական կողմի հետ կառուցողական երկխոսություն չվարելը սկզբունքի վերածելու մասին: Ֆիլմի գլխավոր պրոդյուսեր Աշոտ Պողոսյանի կարծիքով այս անհարիր քայլից հետո շինծու և ծիծաղելի են թվում Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանի` Հայաստանի հետ «ժողովրդական դիվանագիտության» մասին «մտադրություններն» ու հայտարարությունները:

Այնուամենայնիվ, չնայած ադրբեջանական կողմի ջանքերին, «Ընդհատված երգ» ֆիլմում ադրբեջանցու դերը կատարելու է ադրբեջանցի դերասան: Չնայած կինոնկարի տապալմանն ուղղված հուսահատ քայլերին, ֆիլմի ստեղծողները համոզված են, որ նույնիսկ այս իրավիճակում դեռևս սպառված չեն բաց երկխոսության և փոխըմբռնման հնարավորությունները: Նկարահանող խումբը պատրաստ է համագործակցել բոլոր շահագրգիռ անձանց և կողմերի հետ: «Ընդհատված երգը» ֆիլմի պրեմիերան կկայանա Մոսկվայում մայիսի վերջում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---