Տիգրան Սարգսյան. Ուկրաինայի հետ բարեկամական կապերի զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր մաս է

Տիգրան Սարգսյան. Ուկրաինայի հետ բարեկամական կապերի զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր մաս է

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Կոնստանտին Գրիշչենկոյին: Ողջունելով հյուրին` վարչապետը կարևորել է բարձր մակարդակի պաշտոնական փոխայցելությունների դերը երկու երկրների հարաբերությունների ամրապնդման գործում` ընդգծելով, որ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի այցը նոր լիցք կհաղորդի երկկողմ քաղաքական երկխոսության ընդլայնմանը, առևտրատնտեսական և հումանիտար կապերի խորացմանը. «Անհրաժեշտ է գործադրել բոլոր ջանքերը, որպեսզի մեր ժողովուրդների միջև ավանդաբար ձևավորված եղբայրական բարեկամական հարաբերություններն ամրապնդվեն և զարգանան: Մենք դա Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության կարևոր ուղղություն ենք համարում: Օգտվելով Ձեր այցի առիթից, ցանկանում ենք կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերել համագործակցության ուղղությունների և ձևերի առումով, որպեսզի վստահ լինենք, որ կա միջոցառումների կոնկրետ ծրագիր, որը կարող ենք համատեղ իրագործել»:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակությամբ են խոսել երկու երկրների միջև ծավալված արդյունավետ համագործակցության մասին։ Արձանագրելով առևտրատնտեսական գործակցության խորացման ուղղությամբ առկա ողջ ներուժի իրացման անհրաժեշտությունը` երկուստեք կարևորվել է Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ուկրաինական միջկառավարական համատեղ հանձնաժողովի գործունեությունը և մասնավորապես, գործարար համաժողովի անցկացումը:

Կողմերը քննարկել են մի շարք բնագավառներում համագործակցության խորացման հեռանկարները: Մասնավորապես, արծարծվել են տրանսպորտի, առևտրի, սննդարդյունաբերության, մետալուրգիայի ոլորտներում հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր: Անդրադարձ է արվել նաև Հայաստանի և Ուկրաինայի միջև գիտատեխնիկական համագործակցության ընդլայնման հնարավորություններին:

Հումանիտար և մշակութային կապերի սերտացման համատեքստում ընդգծվել է Ուկրաինայում Հայաստանի և Հայաստանում Ուկրաինայի մշակույթի օրերի անցկացման կարևորությունը:

Երկու երկրների փոխհարաբերությունների ամրապնդման առումով կարևորվել է ՀՀ նախագահի 2011թ. ընթացքում նախատեսվելիք այցն Ուկրաինա: Հանդիպման ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը վերահաստատել է Ուկրաինայի կառավարության ղեկավար Նիկոլայ Ազարովին արված Երևան այցելելու հրավերը, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---