Հայաստանի ԿԲ-ն չի բացառում դրամավարկային քաղաքականության հետագա խստացման հնարավորությունը

Հայաստանի ԿԲ-ն չի բացառում դրամավարկային քաղաքականության հետագա խստացման հնարավորությունը

PanARMENIAN.Net - Աշխարհի այլ կենտրոնական բանկերի նման Հայաստանի Կենտրոնական բանկն ունի միայն երկու գործիք գնաճի դեմ պայքարում` դրամավարկային քաղաքականության խստացում վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումով և փոփոխությունների կատարում պարտադիր պահեստավորման մեխանիզմում: Այդ մասին մարտի 12-ին Երևանում մամլո ասուլիսում հայտնել է ԿԲ դրամավարկային քաղաքականության վարչության պետ Արթուր Ստեփանյանը: Դրա հետ կապված` նա նշել է, որ Արևելյան Եվրոպայի և ԱՊՀ շատ երկրներում ավելացել են նաև գնաճի տեմպերը, և այդ երկրների կենտրոնական բանկերը կիրառել են ազդեցության նմանատիպ միջոցներ, մասնավորապես, Ռուսաստանը:

Ինչ վերաբերվում է դրամավարկային քաղաքականության հետագա խստացմանը, Արթուր Ստեփանյանը չի բացառել վերաֆինանսավորման տոկոսադրույքի հետագա բարձրացման հնարավորությունը, դժվարանալով պատասխանել, թե որքանով այն կարող է ավելանալ մինչև 2011-ի վերջը: «Մենք առաջիկայում շարունակելու ենք տոկոսադրույքների բարձրացման քաղաքականության իրագործումը կամ դրամավարկային քաղաքականության պայմանների խստացումը: Բայց ահա թե ինչ մակարդակում են լինելու այդ տոկոսադրույքները, կախված է գնաճի հետագա զարգացումից, ներքին և արտաքին միջավայրից»,- ասել է նա:

2011 թ. մարտի 4-ի նիստում Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը որոշեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով` սահմանելով այն 8.25 տոկոս:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---