ՀՅԴ. Մոսկվայի պայմանագրի` Հայաստանին վերաբերող մասը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է

ՀՅԴ. Մոսկվայի պայմանագրի` Հայաստանին վերաբերող մասը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է

PanARMENIAN.Net - Լրանում է Ռուսաստանի Սոցիալիստական Ֆեդերատիվ Սովետական Հանրապետության կառավարության և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարության միջև 1921թ. մարտի 16-ին կնքված տխրահռչակ պայմանագրի 90 տարին, ասվում է ՀՅԴ Գերագույն մարմնի հայտարարության մեջ: Հայտարարության մեջ ասվում է, որ նշված պայմանագրով կողմերը, ոտնահարելով միջազգային իրավունքի նորմերն ու տարրական սկզբունքները, առանց հայկական կողմի մասնակցության և համաձայնության, Կարսի մարզը և Սուրմալուի գավառը որոշեցին նվիրաբերել Թուրքիային, իսկ Նախիջևանի երկրամասը` որպես ինքնավար «տերիտորիա», հանձնել Ադրբեջանի խնամակալությանը:

«Մոսկվայի պայմանագրի` Հայաստանին վերաբերող մասը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է, քանի որ պայմանագրերը կարող են վերաբերել միայն պայմանագիրը ստորագրող կողմերին և որևէ պարտավորություն կամ իրավունք չեն ստեղծում պայմանագրին մաս չկազմող երրորդ կողմի համար առանց վերջինիս համաձայնության:

Բացի այդ, պայմանագիրը կնքելու պահին չկար Ռուսաստանի Սոցիալիստական Ֆեդերատիվ Սովետական Հանրապետություն ճանաչված պետություն, հետևաբար` միջազգային իրավունքի սուբյեկտ, և, բնականաբար, նրա կառավարությունը չուներ որևէ միջազգային պայմանագիր կնքելու իրավասություն: Իսկ թուրքական կողմը ներկայացնող` այսպես կոչված «Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարությունը» ընդամենը հասարակական կառույց էր թուրքական օրինական իշխանության գոյության պայմաններում: Ավելին, թուրքական կողմը հանդես էր գալիս Մուստաֆա Քեմալի անունից, որն այդ ժամանակ փախուստի մեջ գտնվող հանցագործ էր, և որի նկատմամբ մահվան դատավճիռներ էին կայացրել թուրքական ռազմական դատարանը եւ կայսրության բարձրագույն կրոնավորը: Այսպիսով, ըստ վերըշարադրվածի, Մոսկվայի պայմանագիրը անօրինական է ու միջազգային իրավունքի տեսանկյունից ուժ չունի»,-ասվում է ՀՅԴ հայտարարության մեջ:

Ուստի Հայաստանի Հանրապետությունը պետք է հայտարարի, որ չի ճանաչում 1921թ. մարտի 16-ին Մոսկվայում ստորագրված պայմանագիրը, իսկ վերջինիս հիման վրա 1921թ. հոկտեմբերի 13-ին Հայաստանի բոլշևիկյան իշխանությանը պարտադրված Կարսի պայմանագիրը անվավեր է: Միաժամանակ, ըստ հայտարարության, Հայաստանի Հանրապետությունը պետք է անհապաղ հրաժարվի հայ-թուրքական արձանագրություններից, որոնցով թուրքական կողմը նպատակ է հետապնդում հետին թվով լեգիտիմացնել Լենին- Աթաթուրք հանցավոր գործարքը:

«Նաև լուրջ մտահոգություն է առաջացնում այն իրողությունը, որ ռուս-հայկական ռազմավարական գործընկերության վերաբերյալ նորացված համաձայնությունների և մեր երկու ժողովուրդների միջև ավանդական բարեկամության ամրապնդման ու զարգացման հավաստիացումների խորապատկերի վրա, վերոնշյալ անօրեն և հակահայ պայմանագրի ստորագրման 90-ամյակի այս օրերին է Մոսկվայում տեղի ունենում «բարձրագույն մակարդակի համագործակցության ռուս-թուրքական խորհրդի» նիստը: Աներկբա է, որ երկկողմ հարաբերությունները կարող են բարեկամության հիմք ստեղծել, եթե հիմնված են արդարության վրա և ուղղված չեն երրորդ կողմի դեմ»,-ասվում է ՀՅ Դաշնակցության Գերագույն մարմնի հայտարարության մեջ:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---