Հայաստանի ԱԳՆ. ԵԱՀԿ զեկույցը ամբողջությամբ հերքում է ադրբեջանական քարոզչության ապատեղեկատվությունը

Հայաստանի ԱԳՆ. ԵԱՀԿ զեկույցը ամբողջությամբ հերքում է ադրբեջանական քարոզչության ապատեղեկատվությունը

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների Լեռնային Ղարաբաղի հարակից շրջաններ իրականացված դաշտային գնահատման առաքելության զեկույցը ներկայացնում է համանախագահների տեսակետը տեղում իրավիճակի վերաբերյալ, որն ինչպես եւ նախորդ զեկույցի դեպքում, եւս մեկ անգամ հերքում է ադրբեջանական քարոզչության կողմից տարածվող ապատեղեկատվությունը: Այս մասին ասվում է զեկույցի վերաբերյալ ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանի մեկնաբանության մեջ:

Հավանաբար, խոսքը գնում է «այդ տարածքներում ահաբեկչական կայանների տեղակայման, միջուկային թափոնների զանգվածային թաղումների» մասին ադբեջանական ԶԼՄ-ներում պարբեաբար հայտնվող տեղեկությունների հերքման մասին:

«Հայաստանը կիսում է համանախագահների տեսակետն առ այն, որ միայն խաղաղ, բանակցային կարգավորումը կարող է ապահովել ապագայի ավելի հստակ հեռանկարներ տարածաշրջանի համար: Ակնկալում ենք նաեւ, որ Մինսկի խմբի համանախագահները հնարավորին կարճ ժամկետներում կայցելեն Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի հյուսիսային հատված, Մարտունու շրջանի արեւելյան մաս, ինչպես նաեւ Շահումյանի շրջան եւ համապատասխան զեկույց կկազմեն այնտեղ տիրող իրավիճակի մասին»,- նշում է Տիգրան Բալայանը, հաղորդում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ) և Իգոր Պոպովը (Ռուսաստան) ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերրեն դը Բրիշամբոյին ներկայացրել են դաշտային գնահատման առաքելության հաշվետվությունը Լեռնային Ղարաբաղիհարակից տարածքներում իրադրության մասին: Հաշվետվությունը վկայում է այն մասին, որ գնահատման առաքելությունն իրականացնող ԵԱՀԿ ներկայացուցիչները «չեն նկատել» Արցախի ակտիվ զարգացող ենթակառուցվածքները, ինչպես նաև տնտեսական, սոցիալական և մշակութային ոլորտների զարգացումը:

Ինչպես հաղորդում է ԵԱՀԿ պաշտոնական կայքը, զեկույցում մասնավորապես ասվում է, որ այցելելով Ղարաբաղի հարակից տարածքներ, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները միայն «հակամարտության աղետալի հետևանքներն ու խաղաղ կարգավորման հասնելու ձախողում» են տեսել: «Նախքան հակամարտությունը գոյություն ունեցած քաղաքներն ու գյուղերն այսօր գրեթե ամբողջությամբ ավերված են: Թեև հավաստի տվյալներ չկան, Լաչինի և Քելբաջարի քաղաքներում ու փոքր ավաններում ապրող բնակչության ընդհանուր թիվը գնահատվում է 14 000 մարդ»,- ասվում է զեկույցում: Զեկույցում նշվում է նաև, որ համանախագահներն արձանագրել են, որ այդ շրջաններում 2005 թվականից ի վեր բնակչության զգալի աճ չի եղել: Համանախագահներին անգամ հաջողել է առանց որևէ փաստաթղթերի անձանց «հայտնաբերել» և կոչ են արել լուծել այդ մարդկանց խնդիրները:

Համանախագահների կարծիքով, այդ տարածքներում տիրող «դաժան իրականությունը» խոսում է ներկայիս ստատուս-քվոյի անընդունելիության մասին, և «միայն հակամարտության խաղաղ լուծումը կարող է լավ հեռնկար դառնալ այդ տարածքներում բնակվող մարդկանց և նրանց համար, ովքեր հետագայում կարող են բնակություն հաստատել այդտեղ»: Ավելին, ԵԱՀԿ առաքելության ներկայացուցիչները կողմերին կոչ են արել «այդ տարածքներում խուսափել ցանկացած գործունեությունից և ապահովել գերեզմանատների ու կրոնական օբյեկտների պահպանությունը»:

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները մտադիր են հետագա առաքելություններ իրականացնել նաև ղարաբաղյան հակամարտությունից տուժած մյուս շրջաններում և այդ առաքելության մեջ ներառել համապատասխան միջազգային հաստատություններից փորձագետների, որոնք մասնակցելու են խաղաղ կարգավորմանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---