23 ապրիլի 2011 - 14:46 AMT
Հայկ Դեմոյան. Տարվա ընթացքում ցուցադրությունը ներկայացվելու է Օսլոյում, Կոպենհագենում և Ստոկհոլմում

Ապրիլի 23-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում բացվել է «Հայոց ցեղասպանությունը և սկանդինավյան արձագանքը» անվանումով ժամանակավոր ցուցադրությունը: Ինչպես հաղորդել է լրագրողներին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, տարվա ընթացքում ցուցադրությունը ներկայացվելու է Օսլոյում, Կոպենհագենում և Ստոկհոլմում: Ցուցադրությանը ներկայացված է, թե ինչպես են սկանդինավյան երկրներն արձագանքել Հայոց ցեղասպանությանը:

Ցուցադրության նպատակն է բարձրացնել Հայոց ցեղասպանության մասին տեղեկացվածության մակարդակը Շվեդիայում, Նորվեգիայում և Դանիայում: Դեմոյանը հաղորդել է, որ հնարավոր է, ցուցադրությունը ներկայացվի նաև Ֆրանսիայում, Բուենոս Այրեսում և Լոնդոնում:

Հայոց ցեղասպանությունն առաջացրել է մեծ միջազգային ռեզոնանս, գրավել է համաշխարհային հանրության և մամուլի ուշադրությունը: Բացառություն չեն կազմել նաև սկանդինավյան երկրները` Շվեդիայի, Նորվեգիայի, Դանիայի կառավարությունները, հասարակական կազմակերպությունները և առանձին քաղաքացիները: Սկանդինավյան միսիոներների ջանքերը հիմնականում ուղղվել են հայ բնակչության օգնությանը, որոնք տուժել են թուրքերի ջարդերից և հայկական միջավայրում կրոնական քարոզչությանը, որն իրականացել է հիմնականում սկանդինավյան K.M.A. կանանց կազմակերպության միջոցով: