Լոնդոնում ցուցադրվում են Իդա Քարի լուսանկարները

PanARMENIAN.Net - Այս օրերին Լոնդոնի Դիմանկարի ազգային պատկերասրահում անցնում է 20-րդ դարի հայտնի լուսանկարչուհի Իդա Քարի (Իդա Քարամյան) ցուցահանդեսը:

Ինչպես գրում է The Independent-ը, պատկերասրահում ցուցադրվում են Մեծ Բրիտանիայի հետպատերազմյան շրջանի մշակութային կյանքը և «սերուցքը» պատկերող լուսանկարներ: Ներկայացվում է անգլիացի դերասանուհի և ժամանակի գեղեցկության խորհրդանիշ Սիլվիա Սիմսի առաջին լուսանկարներից մեկը, որն արվել է դերասանուհու կարիերայի սկզբում` 1953 թ-ին: Մյուս ցուցադրվող եզակի լուսանկարը անգլիացի հայտնի դերասանուհի, կրկնակի օսկարակիր Մեգի Սմիթի լուսանկարն է` արված 1961 թ-ին:

Ցուցահանդեսը կշարունակվի մինչև հունիսի 19-ը:

Լուսանկարչուհի Իդա Քարը ծնվել է 1908 թ-ին Ռուսաստանի Տամբով քաղաքում, 1928 թ-ին տեղափոխվել է Ֆրանսիա: Աշխատել է Ռուսաստանում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Անգլիայում: Իր կյանքի ընթացքում Քարը արել է ավելի քան 10.000 լուսանկար: Նա լուսանկարել է իր ժամանակի ամենահայտնի մարդկանց, ինչի շնորհիվ արժանացել է «Բոհեմական լուսանկարիչ» անվանը: Մահացել է 1974 թ-ին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---