«Թումանյանական հեքիաթի օր» փառատոնն առաջին անգամ կանցնի ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո

PanARMENIAN.Net - Մայիսի 21-ից «Թումանյանական հեքիաթի օր» տիկնիկային թատրոնների միջազգային փառատոնը կանցկացվի 2 փուլով: Դսեղում արդեն 6-րդ անգամ կհյուրընկալվեն երկու տասնյակը գերազանցող 15 երկրների (Սլովենիա, Հունգարիա, Վրաստան, Չեխիա, Բելգիա, Բուլղարիա, Դանիա, Ֆրանսիա, Շվեյցարիա, Իրան, Բելառուս, Սլովակիա, Սերբիա, Գերմանիա, Իտալիա, Ալժիր, ՌԴ) թատերախմբեր, թատերական գործիչներ ու տիկնիկագործներ, ինչպես նաև թատրոններ Հայաստանից, Արցախից ու Ջավախքից:

Առաջին փուլը տեղի կունենա մայիսի 21-27-ը, իսկ երկրորդ փուլը` սեպտեմբերի 10-17-ը:

«Թումանյանական հեքիաթի օր» միջազգային փառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա Հովհաննես Թումանյանի ծննդավայր Դսեղ գյուղի կենտրոնական հրապարակում, գրողի հուշարձանի մոտ: Փառատոնի հանդիսավոր բացումը կազդարարվի «Տիկնիկները հանուն խաղաղության և բարեկամության» տիկնիկային ներկայացումով: Բացման արարողությունից հետո կսկսվի բացօթյա թատերականացված ուրախ տոնախմբություն, որին կհաջորդեն փառատոնի առաջին ներկայացումները:

Այս տարի ևս փառատոնի օրերին կիրականացվեն համատեղ ծրագրեր, կտրվեն տիկնիկային արվեստի վարպետության դասեր, կգործի տիկնիկների ցուցահանդեսը, ամենօրյա երեկոյան ակումբը, կանցկացվեն էքսկուրսիաներ, կցուցադրվեն տեսաֆիլմեր:

Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության հայկական կենտրոն` «ՅՈՒՆԻՄԱ-Հայաստան»-ի կողմից կյանքի կոչվող այս փառատոնը տարեցտարի ոչ միայն ընդլայնում է մասնակից երկրների աշխարհագրությունը, այլև` հովանավորների ու աջակիցների բանակը: Այս տարի առաջին անգամ հովանավորում է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ն` Յունեսկոյի գործերով Հայաստանի ազգային հանձնաժողովը, հաղորդում է մշակույթի նախարարության պաշտոնական կայքը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---