Euronest-ը չպետք է անիմաստ մեղադրանքների հարթակ դառնա, ասել է Հայաստանի խորհրդարանի նախագահը

Euronest-ը չպետք է անիմաստ մեղադրանքների հարթակ դառնա, ասել է Հայաստանի խորհրդարանի նախագահը

PanARMENIAN.Net - Մայիսի 18-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցավ խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանի և պաշտոնական այցով Հայաստան ժամանած Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեկի հանդիպումը:

Ողջունելով հյուրին` ՀՀ Ազգային ժողովի նախագահը համոզմունք հայտնեց, որ պարոն Բուզեկի այցը Հայաստան լրացուցիչ խթան կհանդիսանա Հայաստան - Եվրամիություն հարաբերությունների զարգացման և ակտիվացման համար:

ԱԺ նախագահը շնորհակալություն հայտնեց Հայաստանի հանդեպ Եվրախորհրդարանի կողմից ցուցաբերած հետաքրքրության համար, հատկապես Եվրոպական հարևանության արևելյան քաղաքականության զեկույցի կապակցությամբ, որը որակական նոր աստիճանի է բարձրացնում Հայաստան-Եվրամիություն համագործակցությունը, ինչպես նաև բարձր գնահատեց Եվրախորհրդարանի նախագահի անձնական ներգրավվածությունը Արևելյան գործընկերության և Euronest-ի հիմնադրման գործընթացում:

ԵԺի Բուզեկն իր հերթին ողջունեց բոլոր կուսակցությունների ներկայացուցիչների ընդգրկված լինելը ԵՄ-ի հետ բանակցություններ վարող հայաստանյան պատվիրակության կազմում և հույս հայտնեց, որ նման լավ բանակցություններ տեղի կունենան նաև իշխանությունների և ընդդիմության միջև:

ՀՀ ԱԺ նախագահը փաստեց, որ եվրոպական կառույցներին ինտեգրվելու ուղղությունը Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայություններից է և անդրադարձավ Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքին, իշխանությունների կողմից ձեռնարկող քայլերին, այդ թվում` ընտրական օրենսդրության բարելավմանը: Հովիկ Աբրահամայնը նշեց, որ պետք է զերծ պահել Euronest-ը անիմաստ մեղադրանքների հարթակ դարձնելու ջանքերից: Մինչդեռ ադրբեջանական կողմը Euronest-ի ԽՎ-ի հիմնադիր նիստում ունեցած իր ելույթով փորձեց օգտագործել այս միջազգային հարթակը և խեղաթյուրել իրականությունը ԼՂ հակամարտության վերաբերյալ:

Եվրախորհրդարանի նախագահը նշեց, որ Եվրախորհրդարանը պատրաստ է գալիք խորհրդարանական ընտրություններին դիտորդական հանձնախումբ ուղարկել:

Անդրադարձ կատարվեց նաև ԼՂ հակամարտությանը և հայ-թուրքական հարաբերություններին: ԵԺի Բուզեկը վստահություն հայտնեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունն ի վերջո կհանգեցնի ԼՂ հարցի լուծմանը, միաժամանակ կարևորելով նաև շփումները հակամարտող կողմերի միջև:

Հովիկ Աբրահամյանի խոսքով` խնդիրը լուծում ունի մասնավորապես ԵԱՀԽ Հելսինկիի Եզրափակիչ ակտում ամրագրված միջազգային իրավունքի` ազգերի ինքնորոշման, տարածքային ամբողջականության և ուժի չկիրառման սկզբունքների հիման վրա:

Հանդիպմանը կարևորվեց նաև երկկողմ համագործակցության խորացումն ու կապերի զարգացումը եվրոպական կառույցների և Հայաստանի միջև, հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---