Կիլիկիայի և Իտալիայի համագործակցության մոդելը 750 տարի հետո դրվեց ԵՄ ստեղծման հիմքում21 մայիսի 2011 - 17:10 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 15-17-ը Իտալիայի նախագահի բարձր հովանու ներքո Ֆլորենցիայի Մեդիչի-Ռիկարդի հռչակավոր շենքում տեղի է ունեցել «Միջերկրականն ու քաղաքները» (Il Mediterraneo e le Citta) միջազգային համաժողովը, որը կազմակերպել էին «Հովհաննես Պողոս 2-րդ» հիմնադրամն ու Տոսկանայի նահանգային իշխանությունները: Միջոցառմանը մասնակցել է նաեւ Իտալիայում Հայաստանի դեսպան Ռուբեն Կարապետյանը, ով «Միջերկրականի ապագան» խորագիրը կրող նիստի ընթացքում հանդես է եկել զեկուցումով: Ելույթի սկզբում դեսպանն անդրադարձել է Միջերկրականում հայկական պատմական ներկայության, Կիլիկիայի թագավորության պատմությանն ու տարածաշրջանի զարգացման ու առաջընթացի վրա նրա ունեցած ազդեցության հետ կապված հարցերին: Ռուբեն Կարապետյանի խոսքերով «Կիլիկյան թագավորների վարած այն քաղաքականությունը, որի համաձայն հայկական թագավորության տարածքում ազատ բնակության, արտոնյալ առեւտրի ու տեղաշարժի իրավունք էր տրվում իտալական առեւտրականներին, իսկ փոխադարձաբար Վենետիկում, Գենուայում եւ իտալական այլ քաղաքներում` նաեւ հայ վաճառականներին, խթանում էր հայ-իտալական առեւտրատնտեսական կապերը ու երկու երկրներում համայնքների ձեւավորմանը: Փաստորեն, համագործակցության այս մոդելը 750 տարի հետո դրվեց Եվրոպական Միության ստեղծման հիմքում»: Այնուհետեւ դեսպան Կարապետյանն անդրադարձել է Միջերկրականի ինտեգրացիոն գործընթացներում առկա դժվարություններին ու խոչընդոտներին, ներկայացրել է արաբական աշխարհում ներկայիս ընթացող հեղափոխական գործընթացները եւ այդ կոնտեքստում` կրոնամիջյան եւ քաղաքակրթական բախումներ թույլ չտալու եւ դրանց տարածումը կանխելու հրամայականը: Դեսպանը շեշտել է, որ «Հայաստանը թեեւ այսօր չունի սահման Միջերկրականի հետ, սակայն հաշվի առնելով տարածաշրջանում իր պատմական ներկայությունը, Արեւելք-Արեւմուտք կամրջող իր բնական դերակատարությունը, որպես առաջին Քրիստոնյա պետություն Մահմեդական աշխարհի հետ հազարամյակների սերտ փոխհարաբերությունների փորձն ու Միջերկրականի գրեթե յուրաքանչյուր երկրում հայկական համայնքի գոյությունը, կարող է եւ պատրաստ է շոշափելի դերակատարություն ունենալ քաղաքակրթությունների երկխոսության խորացման գործում` դրանով իսկ իր գործնական նպաստը բերելով տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ու առաջընթացի ապահովմանը»: «Դա այսօր առավել քան անհրաժեշտ է Միջերկրականին, որն ապրում է իր պատմության թերեւս ամենաբախտորոշ ժամանակահատվածներից մեկը», - նշել է դեսպանը: Համաժողովի աշխատանքներին մասնակցել են Իտալիայի խորհրդարանի եւ Եվրոխորհրդարանի իտալացի պատգամավորները, Իտալիայի ԱԳ փոխնախարարն ու բարձրաստիճան դիվանագետներ, Վատիկանի պաշտոնյաներ, Վատիկանում եւ Իտալիայում հավատարմագրված դեսպաններ, Միջերկրականի քաղաքապետեր, համալսարանների ռեկտորներ եւ դասախոսներ, գիտահետազոտական հաստատությունների ղեկավարներ, հաղորդում է ԱԳՆ մամլո ծառայությունը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |