«Ամերիաբանկի» հայ փորձագետները Նյու Յորքում կմասնակցեն բանկային կառավարման մրցույթին

«Ամերիաբանկի» հայ փորձագետները Նյու Յորքում կմասնակցեն բանկային կառավարման մրցույթին

PanARMENIAN.Net - Ամերիաբանկի թիմը ճանաչվել է հաղթող եվրոպական բանկերի միջև անցկացված «Բանկային կառավարման առցանց մրցույթ` Եվրոպա 2011»-ում: Հեղինակավոր այս մրցույթը կազմակերպվել է SimArc NV ընկերության կողմից, Նյու-Յորքի ֆինանսների ինստիտուտի, Խնայողական բանկերի համաշխարհային ինստիտուտի և Եվրոպական խնայողական բանկերի խմբի հետ համատեղ: Մրցաշարն անցկացվում է բանկային FirstB@nk առցանց ծրագրային համակարգի միջոցով:

Մրցույթը վերաբերում է շուկայական մրցակցության պայմաններում ակտիվների և պասիվների կառավարմանը, որի արդյունքում ճանաչվում է լավագույն բանկը` սեփական բաժնետոմսերի շուկայական արժեքով, ռիսկերի կառավարման և ռազմավարության իրականացման բաղադրիչների համատեղ գնահատումով: Մրցույթը նպատակ ունի նպաստել ֆինանսաբանկային ոլորտի գիտելիքների զարգացմանն ու պրոֆեսիոնալ մակարդակի բարձրացմանը, այլընտրանքային և նորարարական գիտելիքների փոխանցմանը, միջազգային փորձի փոխանակմանը, ֆինանսական հաստատությունների ռիսկերի կառավարման ուժեղացմանն ու զարգացմանը:

Համաեվրոպական մրցույթն անցկացվել է 6 փուլով: Մրցույթի արդյունքներով Ամերիաբանկը լավագույնն է ճանաչվել բաժնետոմսերի գնի և ռիսկերի կառավարման գնահատման բաղադրիչներով և վերջնական ընդհանուր արդյունքով: Մրցակից բանկերի շարքում էին այնպիսի հեղինակավոր բանկերի թիմեր, ինչպիսիք են` ING, Dexia, CSOB բանկերը: Նշենք, որ Dexia բանկը, որն այս տարի համաեվրոպական մրցաշարին մասնակցում էր 3 թիմով, 2010թ.-ի համաշխարհային մրցաշարում ճանաչվել է լավագույնը:

2011թ. մրցաշարն անցկացվել է աշխարհի 5 տարածաշրջանում` Եվրոպա, Հյուսիսային Ամերիկա, Հարավային Ամերիկա, Ասիա և Աֆրիկա: Տարածաշրջանների հաղթողները աշխարհում լավագույնը ճանաչվելու տիտղոսի համար սույն թվականի օգոստոս ամսին կմասնակցեն համաշխարհային մրցաշարին:

Չորս անդամից բաղկացած Ամերիաբանկի թիմը կուղևորվի Նյու-Յորք` համաշխարհային եզրափակիչ մրցաշարին մասնակցելու համար, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---