ՀՀԿ որոշ անդամներ գտնում են, որ ՀԱԿ-ի հետ երկխոսության արդյունքում իշխանությունը կզոհաբերի իրենց շահերը

ՀՀԿ որոշ անդամներ գտնում են, որ ՀԱԿ-ի հետ երկխոսության արդյունքում իշխանությունը կզոհաբերի իրենց շահերը

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) մի քանի անդամներ և կոալիցիոն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մտահոգված են Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) և իշխանության միջև երկխոսությամբ: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցությունից պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը: Նրա խոսքով, այդ մտահոգությունը բխում է նրանից, որ երկխոսության արդյունքում ՀԱԿ-ին ինչ-որ բան զիջելու համար գործող իշխանությունը պետք է այդ ինչ-որ բանը խլի իր ներկայացուցիչներից: Ինչ վերաբերում է այդ անձանց պատասխան գործողություններին, ապա Մարտիրոսյանի կարծիքով, դրանք կարող են շատ տարբեր լինել, այդ թվում` նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կամ այլ նոր թեկնածուի օժանդակում:

Հայկական ընդդիմությունը` ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, որն իր թեկնածությունն էր առաջադրել 2008թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների ժամանակ և պարտվեց Սերժ Սարգսյանին, փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում հանրահավաքներ էր անցկացնում` իր դժգոհությունն արտահայտելով քվեարկության արդյունքների կապակցությամբ: Բողոքի ցույցերը մարտի 1-2-ին անկարգությունների և ոստիկանության հետ ցուցարարների բախումների վերածվեցին: Գլխավոր դատախազության տվյալներով, տուժեց մոտ 200 մարդ, տասը զոհվեցին, իսկ բերման ենթարկվեց ավելի քան 100 մարդ:

2008 թվականին ստեղծվեց Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ)` Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ: 2008 թվականից իշխանություններն ու ՀԱԿ-ը հայտարարում էին երկրում քաղաքական երկխոսություն սկսելու անհրաժեշտության մասին, որը սկսեց իրական գծեր ստանալ 2011 թվականի գարնանը: Հենց 2011 թվականի գարնանը իշխանություններն ընդդիմությանը թույլատրեցին հանրահավաքներ անցկացնել Երևանի Ազատության հրապարակում, հայտարարեցին 2008 թվականի մարտյան ողբերգական դեպքերի հետաքննությունը վերսկսելու մտադրության մասին, իսկ մայիսի 26-ին Հայաստանի խորհրդարանն ընդունեց Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին ՀՀ նախագահի առաջարկը: Համաներմամբ ազատ արձակվեցին հայկական արմատական ընդդիմության կողմնակիցները, որոնք բանտարկվել էին 2008 թվականի մարտի 1-2-ի անկարգությունների մասին գործով, այդ թվում` ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանն ու «Հայկական ժամանակ» ընդդիմադիր թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը: Հունիսի 6-ի դրությամբ համաներմամբ ազատ են արձակվել 400 բանտարկյալներ: Հունիսի 2-ին ՀԱԿ-ը պատվիրակություն ձևավորեց իշխանությունների հետ բանակցություններ վարելու համար և հայտարարեց երկխոսության իր օրակարգի մասին` երկրում արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրությունների անցկացում: Իշխանություններն իրենց հերթին հայտարարեցին, որ մտադիր են ընդդիմության հետ քննարկել երկրի առջև ծառացած կարևորագույն խնդիրները, սակայն ընդդիմությանը կոչ են անում պատրաստվել հերթական ընտրություններին` նշելով, որ երկրում արտահերթ ընտրությունների համար օբյեկտիվ պատճառներ չկան:

Օրերս ՀԱԿ-ը Քաղխորհրդի արտահերթ նիստում որոշեց իշխանությունների հետ երկխոսություն վարելու համար իր պատվիրակության կազմը: Պատվիրակության կազմի մեջ մտան ՀԱԿ-ի համակարգող Լևոն Զուրաբյանը, Կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը, ՀԱԿ-ի տնտեսական հանձնաժողովի անդամ, Մալաթիայում ՀԱԿ-ի կառույցի ղեկավար Վահագն Խաչատրյանը, Հայաստանի Ժողովրդական կուսակցության քարտուղար Ֆելիքս Խաչատրյանը և Հայոց համազգային շարժման (ՀՀՇ) վարչության ղեկավարի տեղակալ Սամվել Աբրահամյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---