Փորձագետ. Ներկայացուցիչների պալատ ներկայացված Հայոց ցեղասպանության մասին բանաձևն ավելի մեծ աջակցություն կստանա

Փորձագետ. Ներկայացուցիչների պալատ ներկայացված Հայոց ցեղասպանության մասին բանաձևն ավելի մեծ աջակցություն կստանա

PanARMENIAN.Net - Այս անգամ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ ներկայացված Հայոց ցեղասպանության մասին բանաձևն ավելի մեծ օժանդակություն կստանա կոնգրեսականների կողմից: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է Հայաստանի ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը:

Նրա խոսքերով, այն փաստը, որ Հայոց ցեղասպանության մասին բանաձևի հետ միասին կոնգրեսականները մտադիր են նաև շրջանառության մեջ դնել Թուրքիայի կողմից բռնագրավված քրիստոնեական եկեղեցիները վերադարձնելու մասին բանաձևը, ավելացնում է դրանց ընդունման հավանականությունը:

«Երբ բանաձևերը ընդգրկվեն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի օրակարգում, այդ ժամանակ արդեն դրանց ընդունման շուրջ պայքար կծավալվի»,- ասել է փորձագետը:

Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով, Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը միշտ կլինի ԱՄՆ քաղաքական օրակարգում:

Մի խումբ կոնգրեսականներ մտադիր են երկու բանաձև ընդգրկել օրակարգում Հայոց ցեղասպանության հարցի արդարացի լուծման և Թուրքիայի կողմից բռնագրավված քրիստոնեական եկեղեցիները վերադարձնելու համար: «Եկեղեցիները վերադարձնելու մասին» բանաձևի հեղինակներն են կոնգրեսականներ Էդ Ռոյսը և Հովարդ Բերմանը: Նրանք իրենց բանաձևում կոչ են անում Թուրքիային կատարել միջազգային պարտավորությունները և վերջ տալ կրոնական հետապնդումների ձևերին, պաշտպանել մարդու իրավունքները և քրիստոնյաների կրոնական ազատությունները: Բանաձևի հեղինակները կոչ են անում Անկարային օրինական ճանապարհով վերադարձնել հայերից, հույներից, ասորիներից և այլ քրիստոնյա համայնքներից բռնագրավված եկեղեցիները: «Հայոց ցեղասպանության մասին» բանաձևի հեղինակներ Ադամ Շիֆն ու Ռոբերտ Դոլդն իրենց հերթին կոչ են անում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային ճանաչել Ցեղասպանությունը` մարդկության դեմ ապագա հանցագործությունները կանխելու համար:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---