ԱՄՆ-ն կոչ է անում Երևանին և Բաքվին «օգտվել հնարավորությունից և հանգուցալուծել ղարաբաղյան հակամարտությունը»

ԱՄՆ-ն կոչ է անում Երևանին և Բաքվին «օգտվել հնարավորությունից և հանգուցալուծել ղարաբաղյան հակամարտությունը»

PanARMENIAN.Net - Կազանում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման նախօրեին Վաշինգտոնը հստակ ուղերձ է հղել Երևանին և Բաքվին: Այդ մասին ԱՄՆ Պետդեպարտամենտում տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամլո քարտուղարի տեղակալ Մարկ Թոները: Նրա խոսքերով, տվյալ պահին առկա է ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու որոշակի հնարավորություն և կողմերը պետք է օգտվեն դրանից:

Հունիսի 25-ին Կազանում տեղի կունենա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը, որի հետ շատերը լուրջ սպասումներ են կապում, քանի որ չի բացառվում հանդիպման ժամանակ ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ փաստաթղթի ստորագրման հավանականությունը:

Մայիսի 26-ին ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահներ Դմիտրի Մեդվեդևը, Բարաք Օբաման և Նիկոլյա Սարկոզին Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին կոչ են արել «քաղաքական կամք դրսևորել և հունիսին կայանալիք հայ-ադրբեջանական գագաթաժողովի ընթացքում ավարտել (Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման) հիմնարար սկզբունքների շուրջ աշխատանքները»: Հետագա երկարաձգումը միայն հարցականի տակ կդնի կողմերի հավատարմությունը պայմանավորվածությունների ձեռքբերմանը»,- ասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրների նախագահների համատեղ հայտարարության մեջ, որն ընդունվել է ֆրանսիական Դովիլ քաղաքում կայացած «Մեծ ութնյակի» գագաթաժողովի ժամանակ:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---