Հայաստանի ֆրանսիական համալսարանն ու «HSBC Բանկ Հայաստանը» որոշել են միասին հաղթահարել «կադրային սովը»

PanARMENIAN.Net - Հունիսի 24-ին Հայաստանի ֆրանսիական համալսարանում տեղի ունեցավ «HSBC Բանկ Հայաստանի» անունը կրող լսարանի բացումը: 8 օրում վերանորոգված լսարանը հագեցած է արդի էլեկտրոնային միջոցներով, որոնք նախատեսված են ուսուցման գործընթացի արդյունավետ կազմակերպման համար: Լսարանի պատերը ներկվել են HSBC-ի բանկը խորհրդանշող գույներով:

Ինչպես ասել է համալսարանի ռեկտոր Ժոել լը Մորզելեկը, իր ղեկավարած հաստատությունը համագործակցում է մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ, ինչը թույլ է տալիս պրակտիկա կազմակերպել ուսանողների համար: Ըստ նրա, համագործակցության շրջանակներում պայմանավորվածություն է ձեռք բերվել այն մասին, որ «HSBC Բանկ Հայաստանը» կարող է օգտագործել լսարանը կրթական ծրագրերի ու սեմինարների անցկացման համար: Ժոել լը Մորզելեկը հույս է հայտնել, որ համագործակցությունը բանկի հետ դրական կլինի, առավել ևս, որ «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն ուսանողական պրակտիկայի կազմակերպման լավ փորձ ունի:

Իր հերթին «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի անձնակազմի կառավարման դեպարտամենտի տնօրեն Էլվինա Աղաջանյանը նշել է, որ բանկի անձնակազմի 10 տոկոսը Հայաստանի ֆրանսիական համալսարանի շրջանավարտներն են: «Այսօրվա դրությամբ կա այսպես կոչված կադրային սովի խնդիր, ուստի մենք բարձր ենք գնահատում համալսարանի փորձը կրթական գործընթացում»,-ասել է նա: Մասնագետը հավելել է, որ Հայաստանի ֆրանսիական համալսարանի որոշ ուսանողներ այժմ պրակտիկա են անցնում բանկում: Էլվինա Աղաջանյանը նշել է, որ դա տևական համագործակցության սկիզբն է միայն:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---