Ադրբեջանն, անտեսելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին, փակուղի է տանում ղարաբաղյան գործընթացը

Ադրբեջանն, անտեսելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին, փակուղի է տանում ղարաբաղյան գործընթացը

PanARMENIAN.Net - Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Կազանում կայացած հանդիպումը ցույց տվեց, որ Բաքուն, անտեսելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ղեկավարների հայտարարություններն ու կարգավորման տրամաբանությունը, փակուղի է տանում բանակցությունները: Այդ մասին մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀԿ մամլո քարտուղար Էդուարդ Շարմազանովը: Ըստ նրա, ադրբեջանական կողմի նման մոտեցումը պետք է համապատասխան գնահատական ստանա, քանի որ արդեն «որերորդ անգամ Ադրբեջանի ղեկավարությունը ոչ թե իրական բնակացություններ է վարում, այլ իմիտացիա է անում»: Շարմազանովը նշել է նաև, որ հարցը պետք է լուծվի փոխզիջումների հիման վրա: Նա ընդգծել է, որ Հայաստանը երբեք չի գնա միակողմանի զիջումների: «Այնուամենայնիվ, ավելի լավ է շարունակել բանակցությունները, քան ոչինչ չանել»,-ասել է նա՝ հավելելով, որ բացասական է գնահատում ադրբեջանական կողմի ոչ կառուցողական դիրքորոշումը ղարաբաղյան հարցում:

Շարմազանովը հերթական անգամ մատնանշել է, որ Արցախը պետք է անպայման միանա բանակցային գործընթացին: «ԼՂՀ կարգավիճակը չի կարող որոշվել առանց նրա ղեկավարության մասնակցության»,-ասել է նա՝ հավելելով, որ հայկական կողմը բազմիցս է հայտարարել, որ առանց Արցախի նրա ճակատագիրը չի կարող լուծվել: Նա նշել է նաև, որ բոլորի համար արդեն պարզ է, որ Լեռնային Ղարաբաղն անկախ պետություն է:

Հունիսի 24-ին Կազանում կայացած ՌԴ, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումն ավարտվեց առանց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ հիմնարար սկզբունքների մասին պայմանավորվածությունների ձեռքբերման:

«Պետությունների ղեկավարներն արձանագրել են փոխըմբռնման ձեռքբերումն այն հարցերի շուրջ, որոնց լուծումը նպաստում է հիմնարար սկզբունքներին համաձայնելու համար պայմանների ստեղծմանը»,- ասվում է նախագահների հայտարարության մեջ: Փաստաթղթում ասվում է, որ հանդիպման մասնակիցները դիտարկել են հիմնարար սկզբունքների նախագծի համաձայնեցման նպատակով իրականացվող աշխատանքների ընթացքը:

Ադրբեջանի և Հայաստանի նախագահներն իրենց երախտագիտությունն են հայտնել Ռուսաստանի, ԱՄՆ և Ֆրանսիայի առաջնորդներին, որոնք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են, «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հանդեպ նրանց մշտական ուշադրության համար»: Նրանք բարձր են գնահատել ՌԴ նախագահի անձնական ջանքերը պայմանավորվածությունների ձեռքբերմանն աջակցելու գործում, ասվում է համատեղ հայտարարության մեջ:

Ավելի ուշ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարեց, որ Կազանի հանդիպումը բեկումնային չդարձավ, որովհետեւ, Ադրբեջանը պատրաստ չեղավ ընդունել եռանախագահների կողմից առաջարկված հիմնարար սկզբունքների վերջին տարբերակը: Ավելին, ադրբեջանական կողմն առաջարկել է Կազանում մոտ տասը նոր փոփոխություն, և դա է պատճառը, որ Կազանի հանդիպումը բեկումնային չդարձավ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---