Կ. Բեքարյան. Որքան շատ են բանակություններում առաջընթացի շանսերը, այնքան մեծ են Ալիևի` հայրենիք վերադառնալու վախերը

Կ. Բեքարյան. Որքան շատ են բանակություններում առաջընթացի շանսերը, այնքան մեծ են Ալիևի`  հայրենիք վերադառնալու վախերը

PanARMENIAN.Net - Վերջին տարիներին Ադրբեջանի վարած քաղաքականությունն արձանագրում է էական տարբերություն բանակցային գործընթացի և ներքին քարոզչության հարցերում: Մի կողմից մենք գործ ունենք Ադրբեջանի ծայրահեղ թշնամական հռետորաբանության, ուժի սպառնալիքի տարաբնույթ կիրառման հետ, մյուս կողմից՝ բանակցություններն ընթանում են այլ տրամաբանությամբ: Արդյունքում խզվում են բոլոր հնարավոր կապերը ադրբեջանցի բանակցողների պահվածքի միջև ներսում և դրսում: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում լրագրողներին հայտնել է «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ի նախագահ Կարեն Բեքարյանը` մեկնաբանելով Կազանի հանդիպման արդյունքները:

«Ստորագրել հիմնարար սկզբունքների վերաբերյալ փաստաթուղթը, կնշանակի ստորագրել նաև այն փաստի տակ, որ տևական ժամանակահատվածում Ալիևի վարչակարգն ուղղակիորեն խաբել է սեփական ժողովրդին: Ադրբեջանական կողմի մոտ կա իրականության զգացողության որոշակի կորուստ: Սրա վառ ապացույցն է Իլհամ Ալիևի օրեր առաջ Euronews-ին տված հարցազրույցը, որտեղ որևէ իրական փոխզիջման տարրի հանդիպել հնարավոր չէ: Կարծես Իլհամ Ալիևի համար ժամանակը կանգ է առել և նա առկա իրողություններին որևէ համարժեք արձագանք չի տալիս: Բնականաբար, սա էլ իր հերթին է բերում ստեղծված իրավիճակին: Այսինքն, վերջին պահին, երբ արդեն բավականին լուրջ է դառնում որևէ բեկում արձանագրելու հնարավորությունը, Ալիևի մոտ էապես մեծանում է վախը՝ կապված սեփական երկիր վերադառնալու և այսքան տարվա սուտն ու կեղծիքը հրապարակայնորեն խոստովանելու հետ: Երևի բոլորս պատկերացնում ենք, որ ադրբեջանական իշխանությունների համար այդքան էլ դյուրին չէ բանակցային յուրաքանչյուր փուլի ընթացքում կամ հետո զինված շքերթ կազմակերպել Բաքվում»,-ասել է նա:

«Ի՞նչ է ստացվում արդյունքում. մենք սպասում ենք բեկում ոչ այնտեղ, որտեղ պետք է սպասել: Բեկումը ոչ թե, առաջին հերթին, պետք է արձանագրվի բանակցային սեղանին, այլ բանակցողի (այս դեպքում՝ Ադրբեջանի) պահվածքում: Այդպիսի բեկում կարող է լինել, օրինակ՝ երբ Ադրբեջանում նվազեն և դադարեն հայատյացությունը և ռասիզմի դրսևորումները, երբ ռազմական հռետորաբանությունն իր տեղը զիջի հարևանների հետ բնականոն ապագա կառուցելու ցանկությանը: Միաժամանակ պետք է փաստել, որ կեղծ է այն տպավորությունը, թե ադրբեջանի ժողովուրդը պատրաստ չէ խաղաղության կամ փոխզիջումների, փոխզիջումների պատրաստ չէ Ալիև կրտսերը: Քանի որ, երևի թե, ոչ մեկը նրան չի երաշխավորում, որ փոփոխությունները թույլ կտան նրան շարունակել իր տիրապետությունը այն ռեսուրսների և հնարավորությունների նկատմամբ, որոնց նա այսօր տիրապետում է: Ալիևը, ստատուս քվոյի պահպանմամբ, ամենաշահագրգռված կողմն է»,- ասել է Բեքարյանը: ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի գագաթաժողովն ավարտվեց առանց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ հիմնարար սկզբունքների մասին պայմանավորվածությունների ձեռքբերման: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, կողմերն առաջընթաց են արձանագրել այդ նպատակին հասնելու ճանապարհին:

«Պետությունների ղեկավարներն արձանագրել են փոխըմբռնման ձեռքբերումն այն հարցերի շուրջ, որոնց լուծումը նպաստում է հիմնարար սկզբունքներին համաձայնելու համար պայմանների ստեղծմանը»,- ասվում է նախագահների հայտարարության մեջ: Փաստաթղթում ասվում է, որ հանդիպման մասնակիցները դիտարկել են հիմնարար սկզբունքների նախագծի համաձայնեցման նպատակով իրականացվող աշխատանքների ընթացքը:

Ադրբեջանի և Հայաստանի նախագահներն իրենց երախտագիտությունն են հայտնել Ռուսաստանի, ԱՄՆ և Ֆրանսիայի առաջնորդներին, որոնք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են, «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հանդեպ նրանց մշտական ուշադրության համար»: Նրանք բարձր են գնահատել ՌԴ նախագահի անձնական ջանքերը պայմանավորվածությունների ձեռքբերմանն աջակցելու գործում, ասվում է համատեղ հայտարարության մեջ:

Ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, որ Կազանը բեկումնային չեղավ, որովհետեւ, Ադրբեջանը պատրաստ չեղավ ընդունել եռանախագահների կողմից առաջարկված հիմնարար սկզբունքների վերջին տարբերակը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---