Կազանի հայտարարությունն ընդդեմ Դովիլի նախազգուշացման

Կազանի հայտարարությունն ընդդեմ Դովիլի նախազգուշացման

PanARMENIAN.Net - Կազանում տեղի ունեցավ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների երկար սպասված հանդիպումը, որի հետ մեծ հույսեր էին կապում: Ամեն ինչ ցույց էր տալիս, որ այդ հանդիպմանը ստորագրվելու է որոշակի փաստաթուղթ. թե Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հայտարարությունը Դովիլում, թե փորձագետների արտահայտությունները, թե Բարաք Օբամայի և Նիկոլյա Սարկոզիի հեռախոսազրույցները Սերժ Սարգսյանի հետ հանդիպման նախաշեմին: Սակայն սպասումները՝ դրական, թե բացասական, չարդարացան, Կազանի հանդիպումը, ամեն դեպքում, համաձայն հենց Կազանից ստացված հաղորդագրությունների, դարձավ «մրից դուրս գալ ընկնել մրաջուրը»: Եվ ավելին, կարծիքներ են հնչում, որ Կազանի հանդիպումը, որը կոչված էր խաղալ սահմանագծի դեր, իրականում դարձավ տապալում, որից հետո ղարաբաղյան գործընթացը պետք է սկսել գրեթե ամենասկզբից:

Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ-ն ուղղակի հայտարարել է, որ Կազանում «Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները որոշում կընդունեն ղարաբաղյան հակամարտության հիմնական սկզբունքների այսպես կոչված ամբողջական նախագծի մասին»: Ռուսաստանին ավելի ուշ միացան համաշխարհային հանրությունն ի դեմս ԵԱՀԿ-ի, ԵԽ-ի, և հատկապես Բարաք Օբաման և Նիկոլյա Սարկոզին, որը հանդիպումից մի քանի ժամ առաջ ասել է, որ եկել է սկզբունքներն ամրագրելու պահը, որոնց հիման վրա հետագայում բանակցություններ են անցկացվելու ղարաբաղյան հակամարտության շուրջ: Ֆրանսիայի նախագահը հատկապես նշել է, որ պատմության մեջ լինում են պահեր, երբ պետությունների ղեկավարները պետք է իրենց ժողովուրդներին ցույց տան արիություն, իմաստություն և ճանապարհ դեպի խաղաղություն: Սարկոզիի համոզմամբ, այդ պահը եկել է:

Կողմերը Կազանում սահմանափակվեցին հերթական հայտարարությամբ, որում N-երորդ անգամ խոսեցին «ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների մասին պայմանավորվածությունների հանգելու ճանապարհին առաջընթացի մասին»: Բացի դրանից, հայտարարությունում Հայաստանի և Ադրբեջանի նախագահները երախտագիտություն են հայտնել Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի առաջնորդներին, որոնք ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ են, «ղարաբաղյան կարգավորման հանդեպ ունեցած հետաքրքրության համար»: Նրանք բարձր են գնահատել ՌԴ նախագահի անձնական ջանքերը՝ ուղղված պայմանավորվածություններ ձեռք բերելուն, ասվում է համատեղ հայտարարությունում: Փաստաթղթի ստորագրման կամ թեկուզ սկզբունքների համաձայնեցման մասին ոչ մի խոսք չկա:

Կազանի հանդիպման հենց նման մոտեցում, ի տարբերություն Հայաստանում և Ադրբեջանում առկա տարբեր կարծիքների, գուշակում էին Արցախում, և ինչպես ցույց տվեցին դեպքերը, բավականին հիմնավորված, չբացառելով, որ հանդիպումից հետո կողմերը հանդես կգան բանակային գործընթացը շարունակելու մասին հերթական հայտարարությամբ, որը կօգնի մի փոքր մեղմել ընդհանուր իրավիճակը: Բայց ամեն դեպքում Ստեփանակերտում նախազգուշացրել են, որ մտադիր չեն ճանաչել Հայաստանի և Ադրբեջանի կողմից ստորագրված ոչ մի փաստաթուղթ, քանի որ համոզված են, որ Ադրբեջանի և Արցախի միջև խաղաղություն հաստատելու միակ ուղին Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումն է: Ստեփանակերտում կոչ են արել Կազանի հանդիպման մասնակիցներին «քաղաքական կամք դրսևորել բանակցությունների նոր ձևաչափ ձևավորելու համար», այսինքն բոլոր պայմանները ստեղծել բանակցային գործընթացնում ԼՂՀ անմիջական մասնակցության համար: Բացի դրանից, Ստեփանակերտում ենթադրում են, որ Հայաստանում,Ադրբեջանում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում և Ֆրանսիայում գալիք ընտրությունների ֆոնի վրա կարգավորման խնդրում կտրուկ առաջխաղացում չի լինի, և իրավիճակը կպահպանվի մինչև 2014-ը:

Դե ինչ Կազան…Կազանի հանդիպման մեղքն ընկնում է Ադրբեջանի վրա, որը որոշեց վերջին պահին արդեն կարծես թե պայմանավորված սկզբունքներին գումարել ևս 10 առաջարկներ: Ի՞նչ նպատակով: Ելնելով խոսակցություններից այն մասին, որ ձախողման պատճառը Հայաստանում և Ադրբեջանում առկա «ներքաղաքական իրավիճակի» մեջ է, կարելի է ենթադրել, որ Բաքուն պահում էր այս 10 առաջարկները մեկ նպատակով՝ ոչ մի դեպքում թույլ չտալ ցանկացած առաջընթաց, ցանկացած տեղաշարժ ղարաբաղյան կարգավորման մեջ: Չէ որ հունիսի 11-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները ոչ մի լրացուցիչ առաջարկների մասին չեն խոսել: Ավելին, հանդիպումից հետո հայտարարվել է «ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների մի շարք առանցքային հարցերի շուրջ կողմերի դիրքորոշումների մերձեցման մասին»: Նախարարների կողմից համաձայնեցված փաստաթղթի նախագիծն էլ պետք է քննարկվեր Կազանում, եթե չլինեին այդ 10 չարաբաստիկ առաջարկները: Նման տարբերակը լիովին տրամաբանական է, հաշվի առնելով այն, որ ցանկացած ղարաբաղյան առաջընթաց կարող է խարխլել Իլհամ Ալիևի աթոռը, որը տարիներ շարունակ իր ժողովրդին պատերազմ սկսելու և «Ղարաբաղը ետ նվաճելու» մասին հեքիաթներ է պատմում:

Սակայն բացառված չէ, որ Կազանում հանդիպման տապալումը սպառնում է Իլհամ Ալիևին ավելի լուրջ հետևանքներով, եթե հիշել Դովիլի հայտարարության մեջ առկա ոչ երկիմաստ նախազգուշացումը. «Հետագա ձգձգումը միայն հարցականի տակ կդնի պայմանավորվածությունների հանգելու կողմերի հավատարմությունը»: Համապատասխանաբար, այդ նախազգուշացումը Կազանում այս աշխարհի հզորների խաբված հույսերի հետ միասին կարող է բավական հիվանդագին անդրադառնալ այդ հույսերը խաբած կողմի վրա:

Ինչ վերաբերվում է այդ կողմին՝ Ադրբեջանին, ապա այնտեղ հանդիպման արդյունքները բավական դրական են գնահատում, կարծելով, որ այն հիմք է ստեղծում բանակցային գործընթացի հաջորդ փուլի համար: Այդ հանդիպման արձագանքներն իրենց զգացնել կտան հաջորդ փուլերում, խոստանում են ադրբեջանական քաղաքական գործիչները, որոնք Կազանում Ալիևի գործողություններում տեսել են «դիվանագիտական, բարոյական և անձնական գերազանցության» դրսևորում:

Երևանում այդքան էլ չզարմացան Կազանի հանդիպման անարդյունավետությունից, քանի որ, ինչպես հիմա հայտարարում են, դրա հետ առանձնակի հույսեր չեն կապել և նախօրոք հայտարարել են, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումն առանց Ղարաբաղի մասնակցության սկզբունքորեն անհնար է: Բայց ամեն դեպքում Երևանը խորհուրդ է տվել Բաքվին զերծ մնալ դիվերսիաներից, որոնց մասին հետո կարող է զղջալ: Ինչպես հայտարարել է իշխող ՀՀԿ մամլո քարտուղար Էդուարդ Շարմազանովը, ադրբեջանական կողմի հարձակման արդյունքում ինքն էլ կորուստներ կկրի: «ԼՂՀ Պաշտպանության բանակը լավ պատրաստված է և անհրաժեշտության դեպքում կարող է հակառակորդին արժանի պատասխան տալ»,- ասել է Շարմազանովը:

Եվրոպան փորձում է թաքցնել իր հիասթափությունը ոչինչ չնշանակող հայտարարությունների ետևում: ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի արտգործնախարար Աուդրոնյուս Աժուբալիսը հանդես է եկել հայտարարությամբ` կապված հունիսի 24-ին Կազանում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման հետ: Իր հայտարարությունում Աժուբալիսը, մասնավորապես, նշել է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը շարունակելու կարևորության մասին:

«Ես ողջունում եմ մի շարք հարցերի շուրջ ընդհանուր ըմբռնման հանգելու ջանքերը, որոնց լուծումը նպաստելու է հիմնարար սկզբունքները հաստատելու համար պայմանների ստեղծմանը»,- ասել է Աժուբալիսը: Նա նշել է, որ ԵԱՀԿ պատրաստ է աջակցել եռակողմ մակարդակում և Մինսկի խմբի հովանու ներքո ձեռնարկվող ջանքերին` Հարավային Կովկասում անկայունությանը վերջ դնելու համար:

Կազանում Հայաստանի, Ռուսաստանի և Ադևրբեջանի նախագահների հանդիպման արդյունքները հիասթափեցնում են, բայց դեռ առկա են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների համաձայնեցման հույսեր, կարծում է Միջազգային ճգնաժամային խմբի վերլուծաբան Սաբինա Ֆրեյզերը: «Ավելի լավ կլիներ, եթե ամփոփիչ հայտարարությունում խոսվեր հիմնարար սկզբունքների շուրջ փոխըմբռնման հանգելու մասին, բայց դրանում խոսվում է միայն մի շարք հարցերի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին»,- ասել է Ֆրեյզերը:

Միաժամանակ Ֆրեյզերը նշել է, որ հավատում է հիմնարար սկզբունքները համաձայնեցնելու հնարավորությանը, որոնք, նրա կարծիքով, իրենցից ներկայացնում են մինչ այժմ հակամարտության կողմերին ներկայացված լավագույն առաջարկը:

Ֆրեյզերի խոսքերով, որպեսզի հիմնարար սկզբունքները ստորագրվեն, Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի նախագահները պետք է համոզված լինեն, որ դա ներկա պահին լավագույն առաջարկն է: Ֆրեյզերը հույս է հայտնել, որ նախագահները Երևան և Բաքու վերադառնալուց հետո կսկսեն բնակչության հետ համապատասխան աշխատանքը:

Ի՞նչ հետևանքների կհանգեցնի Կազանի հանդիպման ձախողումը: Նոր պատերազմի՞: Զրոյից ղարաբաղյան գործընթացը սկսելո՞ւ: Այն տապալած կողմից նկատմամբ պատժամիջոցների՞: Թե ամեն ինչ կմնա ինչպես եղել է: Ամենայն հավանականությամբ այդ հարցերի պատասխանները պարզ կդառնան մոտ ապագայում, երբ պարզ դառնա այն, թե իսկապես Կազանում չի ստորագրվել ոչ մի փաստաթուղթ:

Մարինա Անանիկյան / PanARMENIAN News
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---