Հայաստանի նախագահը կարող է դադարեցնել արտագա՞ղթը

Հայաստանի նախագահը կարող է դադարեցնել արտագա՞ղթը

PanARMENIAN.Net - Հայ ժողովրդի մոտ «ճամպրուկային տրամադրության» հոգեբանություն է ձևավորվել, այսինքն` բոլորը կարծում են, թե ուր մեկնեն երկրից: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է Գրականության ինստիտուտի փոխտնօրեն Վարդան Դևրիկյանը: Նրա խոսքով, հայ միգրանտների թիվն այլևս այնքան չի վախեցնում, որքան վախեցնում է մեծամասնության մոտ նման գաղափարի առկայությունը: Դևրիկյանը նշել է, որ երկրի գլխավոր գանձը ժողովուրդն է, «և Հայաստանն օրեցօր կորցնում է» այն: «Եթե անգամ ժողովրդի սոցիալ-տնտեսական դրությունը բարելավվի առանց այս հոգեբանության փոփոխության, երկրի նախագահը կարող է որոշակի դեր խաղալ միգրացիայի կանխման հարցում: «Հայաստանի նախագահը պետք է ուղերձով դիմի ժողովրդին և բացատրի, որ հենց ժողովուրդն է երկրի ապագան»,- ասել է նա:

Հայագետ Հարություն Մարությանն իր հերթին նշել է, որ Հայաստանում արտագաղթի խնդիրը ծառացել է ոչ միայն սոցիալ-տնտեսական խնդիրների, այլև պաշտպանվածության և վստահության զգացումի բացակայության պատճառով:

Հոգեբան Լաուրա Պետրոսյանն իր կողմից ասել է, որ արտագաղթի պատճառներից մեկը կարող է լինել նաև այն, որ մարդն իրեն պետքական չի զգում երկրի համար: Նրա խոսքով, միգրացիայի հարցում ժամանակի ընթացքում մեծ դեր կարող են խաղալ նաև սրթեսները: «Պարզապես մենք չենք հասկանում մի բան` ցանկացած իրադարձություն պետք է անցյալում մնա, իսկ հայ ժողովուրդն անցյալով է ապրում»,- նշել է նա: Այս համատեքստում նա բերել է ապրիլի 24-ի (Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա) օրինակը: «Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելը լավ երևույթ է, սակայն մեզ մոտ այն վերածվում է սգո արարողության»,- ասել է Պետրոսյանը: Նրա խոսքով, նման հոգեբանության փոփոխության ուղղությամբ աշխատանքներ տանելու անհրաժեշտություն կա:

Հայտնի է, որ 2010թ. հունվար-սեպտեմբերի ընթացքում Հայաստանը լքած մարդկանց թիվը 65 հազարով գերազանցում է ժամանածների թիվը: 2009թ. նույն ժամանակահատվածում այդ թիվը կազմել է 47 հազար: Այսինքն` արտագաղթի ծավալը մեծացել է 38,7 տոկոսով:

2011 թ. առաջին եռամսյակում պաշտոնապես գրանցված միգրացիայի տվյալների արդյունքում բացասական մնացորդը կազմել է 458 մարդ: Ոստիկանության անձնագրային բաժնի տվյալներով, այս տարվա առաջին եռամսյակում հաշվառման է կանգնել 8009 մարդ, և հաշվառումից դուրս է գրվել 8467 մարդ:

Այսօրվա դրությամբ Հայաստանի արտագաղթի հարցում գլխավոր խնդիրներից մեկը հայ աշխատունակ հատվածի արտագաղթն է: Հայ աշխատավոր միգրանտների մոտ 94 տոկոսը մեկնում է Ռուսաստան: Հայտնի է, որ հայ գաղթականներն արտասահմանում հիմնականում զբաղվում են շինարարությամբ կամ առևտրով:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---