ՌԴ Պետդումայում մանկապիղծների քիմիական ամորձատման մասին օրինագիծ է ընդգրկվել

ՌԴ Պետդումայում մանկապիղծների քիմիական ամորձատման մասին օրինագիծ է ընդգրկվել

PanARMENIAN.Net - Ռուսաստանի Պետդումայում մանկապիղծների քիմիական ամորձատման կարգը սահմանող օրինագիծ է ընդգրկվել: Ինչպես հաղորդում է bfm.ru կայքը, օրինագիծը ներմուծել է «Սպրավեդլիվայա Ռոսիա» խմբակցության անդամ Անտոն Բելյակովը: ՌԴ Քրեական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների համաձայն, քիմիական ամորձատումը հարկադիր բժշկական բնույթի պատժամիջոց կդառնա, որը կկիրառվի այն անձանց նկատմամբ, ովքեր սեռական բնույթի հանցագործություն են կատարել երեխաների նկատմամբ և այդ հանցագործության համար կրած պատժից հետո պատրաստվում են ազատ արձակվել: Առաջնային ընթացակարգը կիրականացվի ազատ արձակվելուց վեց ամիս առաջ: Բելյակովի խոսքով, արական սեռական հորմոնի` տեստոստերոնի ազդեցությունն արգելափակող ներարկումները, որպես կանոն, կատարվում են մի քանի ամիսը մեկ: «Այդ դեղը միայն ֆիզիկապես չի ազդում. մանկապիղծը ոչ միայն կորցնում է սեռական կապ ունենալու ֆիզիկական ընդունակությունը, այլ, որ ավելի կարևոր է, կորցնում է դրա ցանկությունը»,- պարզաբանել է պատգամավորը:

Բելյակովն ընդգծել է, որ այդ ընթացակարգը դարձելի է: «Եթե մանկապիղծը կամ մանկապղծության մեջ մեղադրված անձը (հետագայում ճանաչված դատական սխալի արդյունքում վերականգնում է իր ազատությունը) դադարում է ներարկումներ ստանալ, բոլոր համապատասխան ֆունկցիաները վերականգնվում են»,- ավելացրել է նա:

Վերջին տարիներին Հայաստանում մանկապղծության հետ կապված մի քանի աղմկահարույց դատավարություններ եղան: Մասնավորապես, 2010 թվականին դատապարտվեց Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի ուսուցիչ Լևոն Ավագյանը, իսկ 2011թ. փետրվարին մանկապղծության մեղադրանքով ձերբակալվեց Metal Prince Ltd ընկերակցության ղեկավար, Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի գլխավոր տնօրեն Սերոբ Տեր-Պողոսյանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---