Պատմաբան. Դեռևս 1915թ. Հռոմի պապ Բենեդիկտոս XV-ը կոչ էր անում դադարեցնել հայերի հանդեպ կատարվող բռնությունները

Պատմաբան. Դեռևս 1915թ. Հռոմի պապ Բենեդիկտոս XV-ը կոչ էր անում դադարեցնել հայերի հանդեպ կատարվող բռնությունները

PanARMENIAN.Net - Դեռևս 1915թ. Հռոմի պապ Բենեդիկտոս XV-ը նամակ էր հղել թուրք սուլթան Մեհմեդ V-ին, որտեղ հորդորում էր դադարեցնել հայերի հանդեպ կատարվող բռնությունները: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել պատմաբան, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Սուրեն Մանուկյանը՝ մեկնաբանելով Հայոց ցեղասպանությանը վերաբերող արխիվները բացելու Վատիկանի մտադրությունը:

«Ոչ ոք չի տեսել այդ արխիվները և չի աշխատել այդ նյութերի հետ: Սակայն, ակնհայտ է, որ դրանք բավականին հարուստ ինֆորմացիա են պարունակում Հայոց ցեղասպանության մասին, քանի որ 19-րդ դարի վերջում 20-րդ դարի սկզբում Վատիկանը բավականին ակտիվ դիվանագիտական աշխատանք էր տանում»,-ասել է Մանուկյանը:

Սակայն, պատմաբանը նշել է, որ հավանաբար, Վատիկանը բոլոր արխիվները չի բացի, այլ կհրապարակի միայն մի քանի փաստաթուղթ: Մանուկյանը գտնում է, որ այդ փաստաթղթերը հետաքրքիր կլինեն ցեղասպանագետների համար և կհամալրեն Հայոց ցեղասպանության մասին նյութերի բազան:

Հիշեցնենք, որ 2001թ., երբ Հռոմի պապ Հովհաննես Պողոս Երկրորդը այցելեց Հայաստան՝ քրիստոնեության ընդունման 1700-ամայկի շրջանակներում, նա Երևանի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին նվիրեց Հռոմի պապ Բենեդիկտոս XV-ի 1915թ. սեպտեմբերի 10-ի նամակի սևագիրը, որը հասցեագրված էր Թուրքիայի սուլթան Մեհմեդ V-ին: Մասնավորապես, պապը խնդրում էր սուլթանին «արտաբերել խաղաղության ու հաշտության խոսքեր», որպեսզի «հայ ժողովուրդը դադարի լինել դաժանության ու վրիժառության զոհ»:

Նախորդ շաբաթ իտալական ԶԼՄ-ները հայտնեցին, որ Վատիկանը փաստաթղթերի ժողովածու կհրապարակի Հայոց ցեղասպանության մասին: Արխիվի պատասխանատու մոնսենյոր Սերջիո Պագանոն հայտարարել է, որ երբ ընթերցում էր հայերի կրած կտտանքների մասին փաստաթղթերը, նա ցավ և սարսափ էր ապրում: Վատիկանի գաղտնի արխիվի պատասխանատուն հայտարարել է, որ 2-3 տարուց այդ շրջանի փաստաթղթերը պատրաստ կլինեն հրապարակման:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---