Բաքուն լրջորեն առաջարկո՞ւմ է Երևանին անհապաղ ձեռնամուխ լինել խաղաղ համաձայնագրի վրա աշխատանքին

Բաքուն լրջորեն առաջարկո՞ւմ է Երևանին անհապաղ ձեռնամուխ լինել խաղաղ համաձայնագրի վրա աշխատանքին

PanARMENIAN.Net - Ադրբեջանն առաջարկում է Հայաստանին անհապաղ ձեռնամուխ լինել խաղաղ համաձայնագրի վրա աշխատանքին: Այդ մասին «Ինտերֆաքսին» տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը: Նա համամիտ չէ այն ԶԼՄ-ների հետ, որոնք գրում են, թե Կազանի հանդիպումը ձախողվեց: Ըստ Մամեդյարովի, Կազանը թույլ տվեց կողմերին առաջ շարժվել և որոշակի առաջընթացի հասնել:

Նա նշել է, որ Ադրբեջանը պատրաստ է ձեռնամուխ լինել խաղաղ պայմանագրի մշակմանը՝ հասկանալով, թե ինչն է արդեն մշակված: «Մենք հասկանում էինք, որ կան չհամաձայնեցված տարրեր, սակայն ցանկացած դեպքում դրանք պետք է արտահայտվեն խաղաղ պայմանագրում, և եթե իրականում կա բարի կամք, ապա եկեք միանգամից աշխատենք դրանց վրա, չսպասելով հիմնարար սկզբունքների վերաբերյալ բանակցությունների հաջորդ փուլին»,-ասել է Մամեդյարովը:

Նախորդ շաբաթ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին հանձնեց ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի անձնական ուղերձը:

ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի հունիսի 24-ին Կազանում կայացած գագաթաժողովն ավարտվեց առանց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ հիմնարար սկզբունքների մասին պայմանավորվածությունների ձեռքբերման: «Պետությունների ղեկավարներն արձանագրել են փոխըմբռնման ձեռքբերումն այն հարցերի շուրջ, որոնց լուծումը նպաստում է հիմնարար սկզբունքներին համաձայնելու համար պայմանների ստեղծմանը»,- ասվում է նախագահների հայտարարության մեջ: Փաստաթղթում ասվում է, որ հանդիպման մասնակիցները դիտարկել են հիմնարար սկզբունքների նախագծի համաձայնեցման նպատակով իրականացվող աշխատանքների ընթացքը:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---