ԵԽԽՎ համազեկուցողը բարձր գնահատեց Հայաստանի նոր ընտրական օրենսգրքի ընդունումը

ԵԽԽՎ համազեկուցողը բարձր գնահատեց  Հայաստանի նոր ընտրական օրենսգրքի ընդունումը

PanARMENIAN.Net - Հուլիսի 20-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցող Աքսել Ֆիշերին:

Շնորհակալություն հայտնելով Հայաստանի հետ համագործակցության և Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման գործում համազեկուցողների կատարած աշխատանքի համար` ԱԺ նախագահը կարևորեց նրանց գործադրված ջանքերը, որոնք միտված են աջակցել Հայաստանին` հաղթահարելու բարեփոխումների գործընթացում առաջացած խնդիրները: Հովիկ Աբրահամյանը անդրադարձավ վերջին ամիսներին Հայաստանում իրականացվող դրական տեղաշարժերին, մասնավորապես կարևորվեց ՀՀ Նախագահի առաջարկության հիման վրա ԱԺ կողմից 2011 թվականի մայիսին հայտարարված համաներումը, որը նորանկախ Հայաստանի պատմության մեջ թվով իններորդն է, սակայն ազդեցության շրջանակի, ընդգրկման ու դրսևորման առումով այն աննախադեպ է և ունի թե մարդասիրական և թե քաղաքական նշանակություն: ԱԺ նախագահի խոսքով այս համաներումն առանձնանում է նաև նրանով, որ շատ դրականորեն ազդեց ներքաղաքական մթնոլորտի բարելավման վրա` հանրության շրջանում առաջացած լարվածությունը մեղմելու և քաղաքական ուժերի միջև համագործակցության հենք ստեղծելու համար: Անդրադառնալով քաղաքական երկխոսությանը` Հովիկ Աբրահամյանը նշեց, որ ՀՀ նախագահը տարբեր առիթներով նշել է, որ մեր ժողովրդի հոգսերով ու մեր երկրի զարգացմամբ մտահոգ ուժերի համար երկխոսության միջոցով առաջ շարժվելը միակ տրամաբանական և ընդունելի ճանապարհն է: Զարգացնելով վերջին շրջանի դրական միտումները, ձևավորվեց աշխատանքային խումբ, որը ներկայացնում է ՀՀ նախագահին, գործադիր իշխանությունը և խորհրդարանական մեծամասնությունը, Հայ ազգային կոնգրեսի հետ երկխոսություն հաստատելու համար: ԱԺ նախագահը տեղեկացրեց, որ հուլիսի 18-ին տեղի է ունեցել կոալիցիայի և ՀԱԿ ներկայացուցիչների առաջին հանդիպումը, որի ընթացքում մտքեր են փոխանակվել այն հարցերի շուրջ, որոնք համարվում են հրատապ, ինչպես նաև ներկայացվել են երկու կողմերի դիրքրոշումները երկխոսության վերաբերյալ: Անդրադառնալով 2012 թվականի գարնանը Հայաստանում տեղի ունենալիք հերթական խորհրդարանական ընտրություններին` ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանի իշխանությունները ՀՀ նախագահի գլխավորությամբ կարևորում են ազատ, արդար, թափանցիկ և ժողովրդավարական ընտրությունների անցկացումը: Այս համատեքստում կարևորվեց ընտրական նոր օրենսգրքի ընդունումը, որը մշակվել է ԵԽ Վենետիկի հանձնաժողովի, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ, տեղական և միջազգային փորձագետների հետ սերտ համագործակցությամբ: Նոր ընտրական օրենսգիրքը լուծում է տվել նախորդ ընտրություններում տեղ գտած թերություններին ու բացերին:

ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցող Աքսել Ֆիշերը գոհունակությամբ փաստեց Հայաստանում ընթացող դրական բարեփոխումները, կարևորեց նոր ընտրական օրենսգրքի ընդունումը, որը համապատասխանում է եվրոպական չափանիշներին և անհրաժեշտ համարեց ազատ և արդար ընտրությունների անցկացումը, քաղաքական ուժերի և թեկնածուների համար հավասար պայմանների ապահովումը: Նա բարձր գնահատեց Հայաստանի Ազգային ժողովի դերը երկրում իրականացվող բաերոփոխումների գործընթացում և երկրում քաղաքական մթնոլորտի առողջացման գործում: Նա գոհունակությամբ փաստեց ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության լավ և արդյունավետ աշխատանքը:

Հանդիպմանը անդրադարձ եղավ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի ևս, հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ վարչությունը:

Հուլիսի 18-ին Հանրային խորհրդի նիստերի փոքր դահլիճում տեղի է ունեցել ՀԱԿ և կոալիցիոն իշխանությունների առաջին հանդիպումը: ՀԱԿ կազմում եղել են Լևոն Զուրաբյանը, Դավիթ Շահնազարյանը, Վահագն Խաչատրյանը, Ֆելիքս Խաչատրյանը, Սամվել Աբրահամյանը:

Կոալիցիոն կուսակցությունների ներկայացուցիչների պատվիրակության կազմում եղել են Դավիթ Հարությունյանը, Գագիկ Մինասյանը, Նաիրա Զոհրաբյանը, Վարդան Բոստանջյանը, Մհեր Շահգելդյանը, Խաչիկ Հարությունյանը:

Հայաստանի խորհրդարանը երրորդ, վերջնական ընթերցմամբ ընդունել է Հայաստանի Ընտրական օրենսգրքում փոփոխությունների կատարելու օրենսդրական փաթեթը: Պատգամավորները 75 «կողմ», 14 «դեմ» ձայներով քվեարկել են փոփոխությունների ընդունման օգտին:

Ելույթ ունենալով խորհրդարանում որպես հիմնական զեկուցող` Հայաստանի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հայտարարել է, որ փոփոխությունները երկար ճանապարհ են անցել և հիմա դրանք առավել հստակ են, ուստի կառավարությունը հանդես է գալիս դրանց ընդունման օգտին:

Իր հերթին, իրավական և պետական հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Դավիթ Հարությունյանը նշել է, որ փոփոխությունների փաթեթում մտցվել են տեխնիկական փոփոխություններ:

«ԸՕ-ում փոփոխությունները կօգնեն զգալիորեն փոխել երկրում ընտրական մթնոլորտը, կբարձրացնեն հասարակության վստահությունը: Շտկումների ընդունումից հետո ընտրությունների անցկացումը կբարձրացվի որակական նոր մակարդակ: Կոչ եմ անում պատգամավորներին քվեարկել դրանց ընդունման համար»,- ասել է նա:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---