ՀԱԵ-ն կկարողանա տարեկան 5 անգամ ժամերգություն կատարել Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում

ՀԱԵ-ն կկարողանա տարեկան 5 անգամ ժամերգություն կատարել Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում

PanARMENIAN.Net - Թուրքիայի իշխանությունները թույլ են տվել տարեկան հինգ անգամ պատարագ մատուցել Վանա լճի Աղթամար եկեղեցում: Այդ մասին հուլիսի 22-ին Երևանում հայ և թուրք գործարարների հանդիպման շրջանակներում հայտարարել է Վանից ժամանած պատվիրակության ղեկավար, Թուրքիայի Առևտրաարդյունաբերական պալատի խորհրդի անդամ Աբդուլլահ Թունջդեմիրը: Նա ասել է, որ պատարագ կմատուցվի Հայ Առաքելական եկեղեցու այն տոնական օրերին, որոնք կընտրի ՀԱԵ Կոստանդնուպոլսի թեմը:

Բացի այդ, Թունջդեմիրը հայտնել է, որ Վարագավանքի մոտի մեջիթը կտեղափոխվի, իսկ եկեղեցին կվերականգնվի: Ըստ նրա, «Հայաստանի պատմական տարածքում տարվում են պատմամշակութային արժեքների պահպանման աշխատանքներ, իսկ Վանի բնակիչները գրկաբաց սպասում են իրենց հարևան հայերին»:

Հուլիսի 20-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կոմիտեն 43 «կողմ» և 1 «դեմ» ձայների հարաբերակցությամբ ընդունել է ԱՄՆ ԱԳՆ-ին հատկացվող ֆինանսական միջոցների մասին օրինագծում ուղղումներ կատարելու վերաբերյալ օրինագիծը, որտեղ կարող են ներառվել նաև 306 բանաձևին համահունչ ձևակերպումներ, որոնց հեղինակներն են կոնգրեսականներ Հովարդ Բերմանն ու Էդ Ռոյսը:

Կոնգրեսական, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի անդամ Հովարդ Բերմանը կոնգրեսական Էդ Ռոյսի հետ համատեղ ներկայացրել է թիվ 306 բանաձևը «Եկեղեցիները վերադարձնելու մասին», որով կոչ է արվում Թուրքիային դադարեցնել քրիստոնյա բնակչության հանդեպ խտրականությունը: Բանաձևին սատարում է 31 կոնգրեսական: Հովարդ Բերմանը նաև Հայոց ցեղասպանության մասին թիվ 304 բանաձևի կողմնակից է, որն օրերս նույնպես ներկայացվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ:

Բանաձևում նախաձեռնողները կոչ են անում Թուրքիային կատարել միջազգային պարտավորությունները և վերջ տալ կրոնական հետապնդման բոլոր ձևերին, պաշտպանել մարդու իրավունքները և քրիստոնյաների կրոնական ազատությունները: Տվյալ բանաձևի հեղինակները նաև կոչ են անում Անկարային օրինական ճանապարհով վերադարձնել բռնագրավված հայկական, հունական, ասորական, և այլ քրիստոնեական եկեղեցիները:

Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA) հուլիսի 19-ին մեկնարկել է Հեռաձայնիր այսօր՝ Call TODAY ակցիան, նպատակ ունենալով հորդորել կոնգրեսականներին ճնշում գործադրել Թուրքիայի հանդեպ, որպեսզի վերջինս վերադարձնի քրիստոնեական եկեղեցիներն իրենց տերերին:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---