Շավարշ Քոչարյանը Թուրքիայում Սերժ Սարգսյանի խոսքերի պատճառով բարձրացած հիստերիան շինծու է համարում

Շավարշ Քոչարյանը Թուրքիայում Սերժ Սարգսյանի խոսքերի պատճառով բարձրացած հիստերիան շինծու է համարում

PanARMENIAN.Net - Թուրքիայում բարձրացված հիստերիան կրում է շինծու, ցուցադրական բնույթ, հայտարարել է ՀՀ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ մեկնաբանելով Թուրքիայի վարչապետի և ԱԳՆ «քննադատությունը» Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հասցեին, մասնավորապես, Հայաստանի պատմական հողերի մասին նրա խոսքերին։

«Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ թուրքերն ուղղակի չեն կարդացել հարցի ամբողջական պատասխանը կամ պարզապես միահամուռ ասում են այն, ինչ ուզում են ասել` կառչելով խոսքի հատվածներից: Իրականում նման հարցին ՀՀ նախագահի պատասխանը լուրջ, համակողմանի և շատ կշռադատված պատասխան է, որը եթե չեն ընկալում Թուրքիայում, ուրեմն պարզապես դա իրենց պետք չէ: Ամեն դեպքում բարձրացված հիստերիան ոչ միայն շինծու է, այլև եզրակացությունների տեղիք պետք է տա շատերին»,- ասել է Քոչարյանը:

Թուրքական կողմին, մասնավորապես, դուր չի եկել Հայաստանի նախագահի պատասխանը հայ աշխակերտի այն հարցին, թե սպասում է արդյոք հայերին ապագա, որը կվերադարձնի նրանց Արևմտյան Հայաստանը Արարատի հետ միասին։ Այս հարցին Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Այդ ամբողջը կախված է քեզնից և քո սերնդից: Իմ սերունդը, կարծում եմ, իր առջև դրած պարտականությունը կատարեց, երբ 90-ական թվականների սկզբներին անհրաժեշտ էր մեր հայրենիքի հատվածներից մեկը` Ղարաբաղը պաշտպանել թշնամիներից, մենք կարողացանք դա անել: Եվ ես սա ասում եմ ոչ նրա համար, որ որևէ մեկին կշտամբեմ: Ուզում եմ ասել, որ յուրաքանչյուր սերունդ իր պարտականությունն ունի, և այդ պարտականությունը պետք է կարողանա կատարել ու՝ լավ կատարել: Եթե դու և քո հասակակիցները ջանք ու եռանդ չխնայեք, եթե ձեզնից ավագներն ու ձեզնից կրտսերները ձեզ նման վարվեն՝ մենք ունենալու ենք աշխարհի լավագույն երկրներից մեկը: Հավատա, որ շատ դեպքերում հողի չափերով չէ երկրի կշիռը որոշվում. երկիրը պետք է լինի ժամանակակից, երկիրը պետք է լինի անվտանգ, լինի բարեկեցիկ, և սրանք այն պայմաններն են, որոնք հնարավորություն են տալիս ցանկացած ժողովրդի նստել աշխարհի հայտնի, ուժեղ, ճանաչված ժողովուրդների կողքին: Բոլորս մեր պարտքը պետք է կատարենք, բոլորս պետք է լինենք ակտիվ, պետք է լինենք աշխատասեր, կարողանանք բարիք ստեղծել: Իսկ մենք դրան կարող ենք հասնել, շատ հանգիստ կարող ենք հասնել, և մեկ անգամ չէ, որ պատմության ընթացքում հասել ենք դրան: Ես դրանում չեմ կասկածում և ուզում եմ, որպեսզի դու էլ չկասկածես: Մենք մի ժողովուրդ ենք, որ, այո՛, փյունիկի պես միշտ հառնում ենք»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---