Երիտասարդ առաջնորդների դպրոցի մասնակիցները կբացեն համահայկական ամուսնական կայք

Երիտասարդ առաջնորդների դպրոցի մասնակիցները կբացեն համահայկական ամուսնական կայք

PanARMENIAN.Net - Սփյուռքի նախարարության կազմակերպած Երիտասարդ առաջնորդների ամառային դպրոցի նպատակն էր հաստատել հայրենիք-սփյուռք և սփյուռք-սփյուռք կապեր: Այդ նպատակով մասնակիցները մշակել են մի շարք ծրագրեր, որոնք կօգնեն ավելի արագ և հեշտ փոխանակել տեղեկատվություն, սեփական համայնքներում կազմակերպել հայագիտական միջոցառումներ ու նպաստել հայապահպանությանը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ծրագրին մասնակցած սփյուռքահայ երիտասարդները ներկայացրեցին իրենց տպավորությունները:

Երիտասարդների մշակած ծրագրերից մեկը նվիրված է նոր հայկական ընտանիքների ստեղծմանը` կբացվի համահայկական ամուսնական կայք: Կայքում կարող են գրանցվել հայ երիտասարդներ ողջ աշխարհից: Մասնակիցների այս և մյուս ծրագրերը պետք է իրագործվեն մեկ տարվա ընթացքում:

Նախարարության համահայկական ծրագրերի վարչության պետ Ատոմ Մխիթարյանը պատմեց, որ 2 շաբաթների ընթացքում երիտասարդներն ունկնդրել են հայագիտական թեմաներով դասախոսություններ, ծանոթացել են Եղեռնի իրական պատմության ու Արցախի հիմնախնդրի էությանը:

Մասնակիցները նշեցին, որ միակ «թերությունն» այն էր, որ ամառային դպրոցը տևեց ընդամենը 2 շաբաթ, և իրենց մեծագույն ցանկությունն է մի քիչ երկար մնալ հայրենիքում:

Երիտասարդ առաջնորդների ամառային դպրոցին մասնակցեցին 21-30 տարեկան 28 հայ երիտասարդներ 11 երկրից: Սփյուռքի նախարարության այս ծրագիրն այս տարի անցկացվեց առաջին անգամ` օգոստոսի 1-14-ը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---