Իրադարձություններն արաբական երկրներում կնպաստեն ղարաբաղյան գործընթացի հանդարտ ընթացքին

Իրադարձություններն արաբական երկրներում կնպաստեն ղարաբաղյան գործընթացի հանդարտ ընթացքին

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում մեծ փոփոխություններ ակնկալել հարկավոր չէ, քանի որ արաբական երկրներում, մասնավորապես Սիրիայում իրադարձությունների և Իրանի նախագահի վերջին հայտարարությունների ֆոնի վրա հարցը կտեղափոխվի առավել հանգիստ, քիչ թե շատ կայուն զարգացման փուլ: Նման կարծիք է հայտնել քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը երևանյան մամլո ասուլիսում: «Սիրիական իրադարձությունները մեծ ազդեցություն կունենան տարածաշրջանի վրա, քանի որ դա կապված է և Թուրքիայի, և Իրաքի, և Իրանի հետ: Ավելին, այդ իրադարձությունները կարող են փոխել ողջ տարածաշրջանի պատկերը»,-ասել է նա: Ըստ նրա, ղարաբաղյան գործընթացի «հետկազանյան» փուլը լուրջ փոփոխություններով չի նշանավորվի: ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և գերտերությունների նախագահների կոշտ հայտարարությունները նոր բան չեն, դա կողմերի վրա ճնշում գործադրելու միջոց է, որը նրանք կիրառում են արդեն մոտ 20 տարի»,-ասել է Իսկանդարյանը:

ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հունիսի 24-ին Կազանում կայացած գագաթաժողովն ավարտվեց առանց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ հիմնարար սկզբունքների մասին պայմանավորվածությունների ձեռքբերման: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, կողմերն առաջընթաց են արձանագրել այդ նպատակին հասնելու ճանապարհին: «Պետությունների ղեկավարներն արձանագրել են փոխըմբռնման ձեռքբերումն այն հարցերի շուրջ, որոնց լուծումը նպաստում է հիմնարար սկզբունքներին համաձայնելու համար պայմանների ստեղծմանը»,- ասվում է նախագահների հայտարարության մեջ:

Օգոստոսի 9-ին ՌԴ նախագահի նախաձեռնությամբ Սոչիում տեղի ունեցավ Դմիտրի Մեդվեդևի հանդիպումը Իլհամ Ալիևի հետ, իսկ օգոստսի 12-ին՝ Աստանայում Մեդվեդևը հանդիպեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

Մարտի սկզբին Սիրիայում հակակառավարական ցույցեր ու անկարգություններ սկսվեցին, որոնց արդյունքում, ըստ իրավապաշտպանների, արդեն զոհվել է 1600 խաղաղ քաղաքացի, ևս 300-ն անհայտ կորել է: Այդ զոհերի պատասխանատվությունը ընդդիմությունը դնում է կառավարական զորքերի վրա, որոնք, իբր, կրակ են բացում ցուցարարների վրա: Սիրիայի իշխանությունները հերքում են մեղադրանքները և հայտարարում են, որ զինվորները հետապնդում են միայն ավազակներին: Ըստ պաշտոնական տվյալների, զոհվել է 340 ոստիկան ու զինծառայող: Ոչ պաշտոնական տվյալներով, տուժել է 30 000 խաղաղ բնակիչ: Ցուցարարները պահանջում են ոչ միայն Ասադի հրաժարականը, այլ նաև մահապատիժը:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---