Հայկական պատվիրակությունը Պան Գի Մունին պատմել է ղարաբաղյան հակամարտության գոտում իրական դրության մասին

Հայկական պատվիրակությունը Պան Գի Մունին պատմել է ղարաբաղյան հակամարտության գոտում իրական դրության մասին

PanARMENIAN.Net - Օգոստոսի 17-ին ՄԱԿ-ում, որպես այդ կազմակերպության պաշտոնական փաստաթուղթ, տարածվել է Գլխավոր քարտուղար Պան Գի Մունին ուղղված Հայաստանի մշտական ներկայացուցչության նամակը` ի պատասխան օգոստոսի 3-ին ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացուցչի տարածած փաստաթղթի: Նամակում, մասնավորապես, Պան Գի Մունի ուշադրությունն է հրավիրվում Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծում հրադադարի ռեժիմի աննախադեպ թվով խախտումների վրա: «Դա հերթական անգամ վկայում է, որ Ադրբեջանը խախտում է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի Նախագահների եռակողմ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները հրադադարի ռեժիմի պահպանմանն ուղղված լրացուցիչ ջանքերի և ռազմական ոլորտում վստահության ամրապնդման վերաբերյալ»,- նշվում է նամակում:

Նամակում նշվում է, որ Ադրբեջանը պարբերաբար ստահոդ տեղեկություններ պարունակող նամակներ է տարածում ՄԱԿ-ում` փորձելով խեղաթյուրել հակամարտության սկզբնապատճառները և հայատյացություն քարոզչություն իրականացնել: Ներկայացուցչությունն ընդգծում է նաև, որ չնայած Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշմանը, Հայաստանը հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ ճանապարհով, միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա կարգավորմանը:

Օգոստոսի 16-ին կազմակերպության գլխավոր քարտուղարին նամակ էր հղել ՄԱԿ առընթեր Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Ագշին Մեխտիևը: Նամակում, ինչպես և ավելի վաղ նամակներում, ամբողջությամբ խեղաթյուրված էր իրադրությունը շփման գծում, ապատեղեկատվություն էր պարունակվում հայկական կողմից հրադադարի ռեժիմի խախտումների մասին, ինչը, իբր, զոհերի է հանգեցրել, այդ թվում խաղաղ բնակչության շրջանում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---