Գալուստ Սահակյան. Իշխանությունների հետ երկխոսությունից հրաժարվելուց հետո ՀԱԿ-ը կհայտնվի «լուսանցքից դուրս»

Գալուստ Սահակյան. Իշխանությունների հետ երկխոսությունից հրաժարվելուց հետո ՀԱԿ-ը կհայտնվի «լուսանցքից դուրս»

PanARMENIAN.Net - Եթե ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը հրաժարվի քաղաքական երկխոսության գործընթացը շարունակելուց, ապա ոչ կառուցողական դիրքորոշում հանդես կբերի և կհայտնվի «լուսանցքից դուրս»: Լրագրողների հետ զրույցում նման կարծիք է հայտնել ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: «Իսկ այլ կուսակցություններ կգնան հերթական ընտրություններին»,- հայտարարել է նա: Նրա խոսքով, քաղաքական երկխոսության գործընթացը շահավետ էր հենց ՀԱԿ-ին և օգնեց նրան դուրս գալ քաղաքական ճահճից:

Ինչ վերաբերվում է ՀԱԿ կողմից երկխոսությունը դադարեցնելու պատճառներին, ապա, Սահակյանի խոսքով, իրական պատճառ է իշխանությունների կողմից պատրաստված փաստաթուղթը, որը նրանք ներկայացրել են ի պատասխան արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ ՀԱԿ փաստաթղթի: «Կոալիցիայի կողմից ներկայացված փաստաթուղթը ծիծաղելի է դարձնում ՀԱԿ փաստաթուղթը»,- նշել է նա: Նրա խոսքով, այդ փաստաթուղթը ներկայացնում է երկրում իրերի իրական դրությունը:

ՀԱԿ-ի ու կոալիցիոն ուժերի ներկայացուցիչների առաջին հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 18-ին: Խմբերն ընդունել են առաջիկա բանակցությունների օրակարգը, որը բաղկացած է երկու հարցերից: ՀԱԿ-ն առաջադրել է արտահերթ ընտրությունների պահանջը, իսկ իշխող կոալիցիան` քաղաքական մրցակցության ապահովման կանոնների մշակման հարցը: Որոշ բարդություններ առաջացան, երբ օգոտոսի 9-ին ոստիկանությունը բռնություն կիրառեց Կոնգրեսի համակիրների նկատմամբ: Ըստ ՀԱԿ-ի տեղեկատվության, օգոտոսի 9-ին ոստիկանությունը բռնություն է կիրառել Կոնգրեսի համակիրներ Տիգրան Առաքելյանի և Արտակ Կարապետյանի նկատմամբ: «Երբ միջադեպի վայր հասած Կոնգրեսի համակիրներ Արեգ Գևորգյանը, Սահակ Մուրադյանը, Վահագն Գևորգյանը, Սարգիս Գևորգյանը, Դավիթ Քիրամիջյանը փորձել են հարթել միջադեպը, ոստիկանությունը դաժան բռնություն է կիրառել նաև նրանց նկատմամբ: Նրանք բոլորը բերման են ենթարկվել ոստիկանություն»,-ասվում է ՀԱԿ հաղորդագրության մեջ: Ոստիկանությունն իր հերթին մեղադրում է ՀԱԿ ակտիվիստներին ոստիկանների վրա հարձակվելու մեջ: Ներկայումս Տիգրան Առաքելյանը, Արտակ Կարապետյանը, Սարգիս Գևորգյանը հսկողության տակ են, մնացածներն ազատ են արձակվել: ՀԱԿ-ը հայտարարեց իշխանությունների հետ բանակցությունների հնարավոր դադարեցման մասին, սակայն օգոստոսի 23-ին Հայաստանի կառավարության Ընդունելությունների տանը կայացած հանդիպումից հետո ՀԱԿ աշխատանքային խմբի ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտնեց իր համոզմունքի մասին, որ առաջիկայում Տիգրան Առաքելյանի համար խափանման միջոցը կփոխվի: Իշխանության և ՀԱԿ-ի աշխատանքային խմբերի հաջորդ հանդիպումը պետք է կայանար օգոստոսի 26-ին, սակայն այդ օրը ՀԱԿ-ը հայտարարեց իշխանության հետ քաղաքական երկխոսության գործընթացին իր մասնակցության դադարեցման մասին, մինչև որ Տիգրան Առաքելյանը ազատ արձակվի: ՀԱԿ-ի ներկայացուցիչների խոսքով, իրենք Տիգրան Առաքելյանին «քաղբանտարկյալ» են համարում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---