Բաքուն դարձյալ փորձում է միջոց գտնել հայերին մեղադրելու ապատեղեկատվության տարածման մեջ և կրկին ձախողվում

Բաքուն դարձյալ փորձում է միջոց գտնել հայերին մեղադրելու ապատեղեկատվության տարածման մեջ և կրկին ձախողվում

PanARMENIAN.Net - Ինչպես և սպասվում էր, Ուրուգվայի արտգործնախարար Լուիս Ալմագրոյի հայտարարությունները Հայաստանին Արցախի միացման վերաբերյալ չէին կարող զերծ մնալ ադրբեջանական կողմի մեկնաբանություններից: Արդեն առավոտյան Ադրբեջանի ԶԼՄ-ներն ու արտաքին քաղաքական գերատեսչությունը սկսեցին Ալմագրոյի հայտարարությունների հերքման միջոցներ փնտրել` հայտնելով, որ Հայաստանը խեղաթյուրում է պաշտոնական անձանց հայտարարությունները:

Այդպես, օրինակ, Trend գործակալությունը տարածել է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունն այն առնչությամբ, որ Ուրուգվայի իշխանությունները ճանաչում են «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»: Սակայն նշանակալի է, որ նյութում խոսք անգամ չկա Արցախի կարգավիճակի մասին ասվածից, իսկ Ուրուգվայի իշխանությունների ներկայացուցիչների հայտարարությունը չափազանց աղոտ է ներկայացված. «Բուենոս-Այրեսում մեր դեսպան Մամեդ Ահմեդաձեի հետ խոսակցության ժամանակ Ուրուգվայի փոխարտգործնախարար Կարրերասը հաստատել է, որ Ուրուգվայը հարգանքով է վերաբերվում միջազգային իրավունքի սկզբունքներին, սատարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական գործունեությունը»:

Մեկ այլ լրատվական գործակալություն` 1news.az-ը նյութ է հրապարակել` «ԱՄՆ դեսպանատունը մեկնաբանել է Ղարաբաղի անջատողականների անկախությունը ճանաչելու` Ուրուգվայի մտադրության մասին հայկական ԶԼՄ-ների տեղեկատվությունը» խորագրով: Գործակալության համաձայն, Բաքվում ԱՄՆ դեսպանատունը մեկնաբանել է հայտարարությունը, ինչն ավելի շատ նման է ընդհանուր պատասխանի, որը ոչ մի մեկնաբանություն չի պարունակում, այլ միայն հաստատում է որոշ իրողություններ, որոնք չեն կարող տեղեկատվության խեղաթյուրման մեջ հայկական ԶԼՄ-ներին մեղադրելու համար առիթ ծառայել. «Ամերիկայի Միացյալ Նահանգները գտնում են, որ Հելսինկյան ամփոփիչ ակտի սկզբունքները հիմք են ապահովում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և արդար կարգավորման համար»:

Սեպտեմբերի 9-ին Ամերիկայի Հայ Դատի Հանձնախմբի (ԱՀԴՀ) և Ուրուգվայ-Հայաստան խորհրդարանական խմբի կողմից նախաձեռնված Հայաստան-Ուրուգվայ հարաբերություններին նվիրված համաժողովի ընթացքում Ուրուգվայի արտգործնախարար Լուիս Ալմագրոն հայտնել է, որ Արցախը Հայաստանի պատմական մասն է և պետք է լինի անկախ կամ կարճ ժամանակում միանա Հայաստանին:

Նախարարն ընդգծել է նաև, որ Ուրուգվայի իշխանություններն ուսումնասիրում են Արցախի հարցը պետականորեն տեսակետ հայտնելու համար։

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---