Գագիկ Մելիքյանը կարծում է, որ քաղաքական երկխոսությունն առաջիկայում կվերսկսվի

Գագիկ Մելիքյանը կարծում է, որ քաղաքական երկխոսությունն առաջիկայում կվերսկսվի

PanARMENIAN.Net - Իշխանությունների և ընդդիմության միջև քաղաքական երկխոսության գործընթացը շուտով վերսկսվելու է, կարծում է Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը: «Չեմ կարող կոնրկետ օր ասել, բայց կարծում եմ, որ առաջիկայում այն վերսկսվելու է: ՀԱԿ-ը հասկանալու է իր առաջարկների սնանկությունը, և երկխոսությունը վերսկսվելու է»,- հայտարարել է նա: Նրա խոսքով, ՀԱԿ-ը լուրջ պատճառ չուներ երկխոսությունը դադարեցնելու համար, իսկ Տիգրան Առաքելյանի կալանքն ուղղակի պատրվակ էր, այլ ոչ թե իրական պատճառ:

Մելիքյանը հավելել է, որ քաղաքական երկխոսությունը նախագահ Սերժ Սարգսյանի կոռեկտ և հավասարակշռված քաղաքականության արդյունք է, և հույս կա, որ ՀԱԿ-ը նույնպես նման դիրքորոշում հանդես կբերի և կշարունակի երկխոսությունը: Միաժամանակ, նա նշել է, որ իշխանությունների հետ պետք չէ խոսել վերջնագրերի լեզվով և մեծ կասկած է հայտնել այն առումով, որ ՀԱԿ-ին կհաջողվի հրապարակում հավաքել 500 հազար մարդ, ինչպես նրանք խոստացել էին վերջին հանրահավաքի ժամանակ:

ՀԱԿ-ի ու կոալիցիոն ուժերի ներկայացուցիչների առաջին հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 18-ին: Խմբերն ընդունել են առաջիկա բանակցությունների օրակարգը, որը բաղկացած է երկու հարցերից: ՀԱԿ-ն առաջադրել է արտահերթ ընտրությունների պահանջը, իսկ իշխող կոալիցիան` քաղաքական մրցակցության ապահովման կանոնների մշակման հարցը:

Որոշ բարդություններ առաջացան, երբ օգոստոսի 9-ին ոստիկանությունը բռնություն կիրառեց Կոնգրեսի համակիրների նկատմամբ: Ըստ ՀԱԿ-ի տեղեկատվության, օգոտոսի 9-ին ոստիկանությունը բռնություն է կիրառել Կոնգրեսի համակիրներ Տիգրան Առաքելյանի և Արտակ Կարապետյանի նկատմամբ: «Երբ միջադեպի վայր հասած Կոնգրեսի համակիրներ Արեգ Գևորգյանը, Սահակ Մուրադյանը, Վահագն Գևորգյանը, Սարգիս Գևորգյանը, Դավիթ Քիրամիջյանը փորձել են հարթել միջադեպը, ոստիկանությունը դաժան բռնություն է կիրառել նաև նրանց նկատմամբ: Նրանք բոլորը բերման են ենթարկվել ոստիկանություն»,-ասվում է ՀԱԿ հաղորդագրության մեջ: Ոստիկանությունն իր հերթին մեղադրում է ՀԱԿ ակտիվիստներին ոստիկանների վրա հարձակվելու մեջ: Ներկայումս Տիգրան Առաքելյանը, Արտակ Կարապետյանը, Սարգիս Գևորգյանը հսկողության տակ են, մնացածներն ազատ են արձակվել: ՀԱԿ-ը հայտարարեց իշխանությունների հետ բանակցությունների հնարավոր դադարեցման մասին, սակայն օգոստոսի 23-ին Հայաստանի կառավարության Ընդունելությունների տանը կայացած հանդիպումից հետո ՀԱԿ աշխատանքային խմբի ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտնեց իր համոզմունքի մասին, որ առաջիկայում Տիգրան Առաքելյանի համար խափանման միջոցը կփոխվի: Իշխանության և ՀԱԿ-ի աշխատանքային խմբերի հաջորդ հանդիպումը պետք է կայանար օգոստոսի 26-ին, սակայն այդ օրը ՀԱԿ-ը հայտարարեց իշխանության հետ քաղաքական երկխոսության գործընթացին իր մասնակցության դադարեցման մասին, մինչև որ Տիգրան Առաքելյանը ազատ արձակվի: ՀԱԿ-ի ներկայացուցիչների խոսքով, իրենք Տիգրան Առաքելյանին «քաղբանտարկյալ» են համարում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---