Հայաստանի նախագահ. Երկու տասնամյակում մեզ հաջողվեց հսկայական թռիչք արձանագրել

Հայաստանի նախագահ. Երկու տասնամյակում մեզ հաջողվեց հսկայական թռիչք արձանագրել

PanARMENIAN.Net - Հաջորդ 20 տարիներին Հայաստանն ի զորու է կառուցել այնպիսի երկիր, որ մոտ է լինելու մեր իդեալներին, հայտնել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` ելույթ ունենալով Երևանում Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված զորահանդեսի ժամանակ:

Այսօր Հայաստանը, իր բոլոր խնդիրներով հանդերձ, կայացած երկիր է: Վկա` այսօրվա զորահանդեսը: «Իսկ ամենաթանկը, որ ունենք, անկախության սերունդն է: Սերունդ, որ ազատ երկրի քաղաքացի է և իրեն չի պատկերացնում այլ կարգավիճակում: Սերունդ, որ շատ բան ունի տալու իր երկրին ու ժողովրդին, բայց նաև ունի մտահոգություններ ու պահանջներ: Իսկ դրանք առաջադիմության ամենալուրջ ազդակներն են»,- նշել է նա:

«Երկու տասնամյակում մեզ հաջողվեց հսկայական թռիչք արձանագրել, բայց շատ բան դեռ չենք հասցրել անել: Ե'վ ձեռքբերումները, և' բացթողումները մերն են: Այս գիտակցությամբ և հասարակական համերաշխությամբ հաջորդ քսան տարիներին մենք ի զորու ենք կառուցել այնպիսի երկիր, որ մոտ է լինելու մեր իդեալներին: Ես հավատում եմ դրան, որովհետև ես հավատում եմ մեր հավաքական ուժին:

Այս հրապարակով ռազմական քայլերթով այսօր անցնելու են զինվորներ, ովքեր մեր անկախության տարեկիցներն են: Սա հազարամյակների լրջագույն պատմություն ունեցող, բայց քսան տարեկան Հայաստանն է` քսան տարեկանի ավյունով, եռանդով, քսան տարեկանի կենսասիրությամբ ու հավատով, քսան տարեկանի լավատեսությամբ ու համարձակ ծրագրերով: Բայց ո'չ քսան տարեկանի միամտությամբ: Սա նոր Հայաստանն է, որին այլևս անհնար է խաբել կամ ահաբեկել, անհնարին է պարտադրել կամ շանտաժի ենթարկել: Նրա հետ հնարավոր է բարեկամանալ ու համագործակցել, հնարավոր է նրա հետ հաջողություններ տոնել և ցավ կիսել, հնարավոր է նրան օրինակ ծառայել և նրանից օրինակ վերցնել: Սա նոր Հայաստանն է, որ հիշում է շատ բան, բայց հիշաչար չէ, տեսել է շատ բան, բայց այսօր հայացքն ուղղել է ապագային:

Այս զորահանդեսը հայության հավերժական երթի լուսավոր մի դրվագ է»,- ասել է Հայաստանի նախագահը:

58  21.09.11 - ՀՀ անկախության 20-րդ տարեդարձին նվիրված ՀՀ զինված ուժերի զորահանդեսին
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---