Հայաստանի անկախության 20-ամյակի առթիվ աջարացիներին ներկայացվեց հայ ազգային մշակույթը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 24-26-ը Բաթումիում Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ տեղի են ունեցել մի շարք միջոցառումներ:

ՀՀ Սփյուռքի նախարարության և «Աջարահայերի միության» նախաձեռնությամբ Հայաստանից ժամանած հեռուստատեսային մրցույթների դափնեկիր երիտասարդ արվեստագետները սեպտեմբերի 24-ին Բաթումիում հանդես եկան հոբելյանին նվիրված համերգով, որի ընթացքում ներկաները հնարավորություն ունեցան նաև ծանոթանալու հայկական ժողովրդական նվագարաների պատմությանը:

Սեպտեմբերի 25-ին Բաթումիի Ս. Փրկիչ եկեղեցում պատարագին հաջորդեց տեղի «Մեր Ապագան» երիտասարդական կազմակերպության գրական-գեղարվեստական ցերեկույթը, որը նվիրված էր Հայաստանի Հանրապետության և Արցախի անկախության 20-րդ տարեդարձերին: Ցերեկույթին իրենց մասնակցությունը բերեցին նաև Բաթումիի կիրակնօրյա դպրոցի սաները:

Հոբելյանին նվիրված հիմնական միջոցառումը կայացավ սեպտեմբերի 26-ին Բաթումիի «Բարեկամության տանը»: Հանդիսավոր երեկոյին մասնակցում էին իշխանությունների ներկայացուցիչներ, տեղի ազգային փոքրամասնությունները ներկայացնող կազմակերպությունների ղեկավարներ, ինչպես նաև բազմաթիվ աջարահայեր:

Գեղարվեստական համարները և Հայաստանի մասին պատմող տեսադրվագները ընդմիջվում էին ողջույնի և շնորհավորանքի խոսքերով, որոնցով հանդես եկան Բաթումիում ՀՀ Գլխավոր հյուպատոս Գարիկ Իսրայելյանը, «Աջարահայերի միության» և «Վրաստանը մեր տունն է» նորաստեղծ հայկական կազմակերպության, «Բարեկամության տան» և տեղի ռուսական, հրեական, հունական համայնքների ղեկավարները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---