Երևանում ձայնագրվել են Մաշտոցի ստեղծած բացառիկ շարականները

PanARMENIAN.Net - «Նարեկացի» արվեստի միությունը` Վահան Արծրունու և Հասմիկ Բաղդասարյանի հետ համատեղ, ներկայանում են «Մաշտոց. սրբազան մարգարիտներ» նոր ձայնասկավառակը: Այն ընդգրկում է մեզ հասած Մաշտոցի 11 շարականները: Սա «Նարեկացի» արվեստի միության թողարկած թվով 35-րդ ձայնասկավառակն է` 3-րդ այսօրինակ համագործակցությունը Վահան Արծրունու հետ: Գրերի գյուտի հետ մեկտեղ Մաշտոցը ձեռնամուխ եղավ եկեղեցու ծիսական արարողակարգի ու հոգևոր երգեցողության ստեղծմանը, նա հեղինակեց շուրջ 130 չափածո գործեր, որոնք կաթողիկոս Սահակ Պարթևի հետ փոխադրվել են երաժշտական ձևի ու զետեղվել եկեղեցական Շարակնոցում: Մաշտոց-պարթևյան շարականների հարուստ ժառանգությունը գրեթե չի պահպանվել, կան տարբեր աղբյուրներում պահպանված 30 վիճելի շարականներ, սակայն այս 11-ի ինքնությունը հավաստի է ու անվիճելի:

Ներկայացվող նախագծի առանցքում հենց այդ 11 միաձայն շարականներն են, որ բազմաձայնեցնելով ժամանակակից ձայնագրման և սեմպլերային տեխնոլոգիաների համադրությամբ` Վահան Արծրունին ներկայացնում է հեղինակային մեկնությամբ: Նախ ձայնագրվել են շարականների նախատիպային միաձայն բնօրինակները` սոպրանո Հասմիկ Բաղդասարյանի կատարմամբ, որոնք էլ այնուհետև դարձել են հետագա վերամշակումների փաստացի աղբյուրն ու դաշտային հումքը:

Սկավառակում ընդգրկված է 22 ստեղծագործություն` շարականների կանոնիկ` միաձայն կատարմամբ և բազմաձայն արծրունիական վերընթերցմամբ: Ձայնասկավառակի պաշտոնական շնորհանդեսը կայանալու հոկտեմբերի 8-ին է «Նարեկացի» արվեստի միությունում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---