24  Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին

Նիկոլյա Սարկոզիի հայկական ֆլիրտը

Նիկոլյա Սարկոզիի հայկական ֆլիրտը

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիի այցը Հայաստան, Ադրբեջան և Վրաստան ամենից շատ անհանգստացրեց Թուրքիային: Անկարան ակնհայտորեն չէր սպասում նման հարված Ֆրանսիայի նախագահից, չէր սպասում մինչև տարեվերջ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու անհրաժեշտության մասին հայտարարություն: Սարկոզին Անկարային երեք ամիս տվեց այդ հարցը լուծեօու համար: Այլապես...Այլապես Ֆրանսիան կընդունի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին օրենքը: Միաժամանակ, Ֆրանսիայի ղեկավարը հույս հայտնեց, որ «Թուրքիայի կառավարությունը և ժողովուրդը բավականաչափ իմաստուն կգտնվեն Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար», ընդ որում, նրա նախագահության օրոք: Արդյոք խոսքը գնում է Նիկոլյա Սարկոզիի ներկա նախագահության մասին, թե նա համոզված է, որ կհաղթի 2012-ի ընտրություններում և դրանով հանդերձ Թուրքիային կտա ևս մի քանի տարի սթափվելու համար, պարզ չէ: Բայց Ֆրանսիայի նախագահի այդ հույսը հնչեց որպես մեղմ սպառնալիք, և շանսեր է տալիս ենթադրելու, որ այս անգամ Սարկոզին կպահի իր խոստումը, որը տվել էր դեռ նախընտրական շրջանում: Ամեն դեպքում Նիկոլյա Սարկոզին Երևանում բացահայտ կերպով հայտարարեց, որ Թուրքիան համարձակություն պետք է ունենա նայելու իր պատմության էջերին, որ «Հայաստանը և Ֆրանսիան կընդունեն դա որպես հաշտեցման ժեստ»:

Թուրքիայի համար «ստուգիչ կրակոց» դարձավ այն հայտարարությունը, որ Ֆրանսիան չի տեսնում Թուրքիային Եվրամիությունում: «Քանի որ Թուրքիան գտնվում է Փոքր Ասիայում, իհարկե, նա կարևոր դեր է խաղում աշխարհում, բայց Ֆրանսիայի աչքերում այդ դերը ԵՄ-ում չէ»,- ասել է նա, հավելելով, որ երկար տարիների ընթացքում նա այդ կարծիքին է եղել և «ես այն փոխելու պատճառներ չունեմ»: Դա Անկարայի համար անսպասելի չէր, բայց, հավանական է, որ ֆրանսիացի նախագահի նկատմամբ թուրքական իշխանությունների «լավ» վերաբերմունքի վերջին հույսերը հօդս ցնդեցին:

Առաջինը հայտարարությանն արձագանքեց և նետվեց պաշտպանելու Թուրքիայի շահերը Բաքուն: Ադրբեջանը “համաձայն չէ” Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիի արտահայտությունների հետ Հայոց ցեղասպանության ճանաչման և հայ-թուրքական սահմանի բացման մասին: Նման հայտարարությամբ հանդես է եկել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի ղեկավար Ալի Հասանովը: «Այդ հարցերից յուրաքանչյուրը միջազգային քաղաքականության առանձին ասպեկտ է: Ադրբեջանը միշտ պաշտպանել է Թուրքիայի շահերը ինչպես Հարավային Կովկասում ընթացող գործընթացներում, այնպես էլ միջազգային հարցերում»,- ասել է նա և հավելել, որ Բաքուն “չի կիսում” Ֆրանսիայի կառավարության դիրքորոշումը, այդ թվում` Սարկոզիի արտահայտությունները Հայոց ցեղասպանության ճանաչման և հայ-թուրքական սահմանի բացման մասին:

Թուրքիան, հաջորդ օրը ուշքի գալով, նեղացավ Սարկոզիից նրա խոսքերի համար, խորհուրդ տվեց զբաղվել իր գործերով և չխառնվել ուրիշների գործերի մեջ: Մասնավորապես, Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն խորհուրդ է տվել նրան «ճանաչել սեփական գաղութատիրական անցյալը, ուրիշներին խորհուրդ տալուց առաջ, և ասել, թե որ երկիրըպետք է պատրաստ լինի հաշտվել սեփական անցյալի հետ»: «Այն երկրները, որոնք գաղութատիրական անցյալ են ունեցել ու վերաբերվել են օտարերկրացիներին ինչպես երկրորդ կարգի մարդկանց, իրավունք չունեն նախատել Թուրքիային»,-ասել է Դավութօղլուն:

«Ֆրանսիայի համար ավելի լավ կլիներ, եթե պարոն Սարկոզին թողներ պատմաբանի դերն ու աշխատեր իր երկիրը հանել տնտեսական անդունդից: Ավելի լավ կլինի, որ նա զբաղվի Եվրամիության ապագային վերաբերող նախագծերով»,-ասել է Թուրքիայի եվրոպական ինտեգրման գծով նախարար Էգեմեն Բաղիսը:

Իսկ Թուրքիայի ԱԳՆ-ն իր հայտարարությունում խորհրդավոր կերպով «մերժեց» Ֆրանսիայի նախագահի դիտողությունները Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ, նշելով, որ դրանք «անհետևողական են և անզգույշ»:

Թուրքիայի ԱԳՆ նշեց, որ Անկարան «շարունակելու է իր կառուցողական դիրքորոշումը՝ ուղղված Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանը և տարաձայնությունների հաղթահարմանը»:

Հետևաբար, կարելի է ենթադրել, որ Թուրքիան մինչև տարեվերջ Հայոց ցեղասպանությունը բնականաբար չի ճանաչի, և այստեղ Ֆրանսիային ոչինչ չի մնա, քան մինչև նախագահական ընտրություններն ընդունել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին օրենքը:

Ֆրանսիայի նախագահի շուրթերից Թուրքիայի հասցեին հնչած սուր խոսքերը, որոնք դրական արձագանք առաջացրին հայ հասարակության մեջ, զարմանալի չեն՝ հաշվի առնելով Ֆրանսիայում սկսված նախընտրական շրջանը: Ի՞նչ ունի Սարկոզին իր ակտիվում՝ նրանից հիասթափված կեսմիլիոնանոց հայ համայնք, որին պետք է գրավել:

Դեռ հուլիսին ՀՅԴ Արևմտաեվրոպական բյուրոյի ղեկավար Մուրադ Փափազյանը կոչ է արել Ֆրանսիայի հայերին 2012-ի նախագահական ընտրություններում սատարել Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցության նախկին առաջին քարտուղար Ֆրանսուա Հոլանդին: «Ֆրանսուա Հոլանդը միշտ աջակցել է Հայկական հարցին, պայքարել Հայոց ցեղասպանության ճանաչման, Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնելու մասին օրենքի ընդունման համար՝ չմոռանալով ղարաբաղյան հիմնախնդրի և Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու մասին»,- ասվում է Մուրադ Փափազյանի հայտարարությունում:

Ամենայն հավանականությամբ, հենց հայկական էլեկտորատին գրավելու ցանկությամբ կարելի է բացատրել Սարկոզիի այդքան երկար այցը Հայաստան՝ գրեթե 24 ժամ, իսկ Բաքվում և Թբիլիսիում Սարկոզին անցկացրեց ընդամենը մի քանի ժամ: Երևանում Սարկոզին չէր թաքցնում, թե որքան կարևոր է իր համար այդ այցը, քանի որ «տարածաշրջանը ռազմավարական նշանակություն ունի աշխարհում կայունության համար»:

Հայաստանում Նիկոլյա Սարկոզիին սպասվում էր բավական հարուստ ծրագիր՝ Ֆրանսիայի հրապարակում ֆրանսիացի քանդակագործ Օգյուստ Ռոդենի «Ժյուլ Բաստյեն-Լեպաժ» արձանի բացումը, Շառլ Ազնավուրի կացարանի բացումը, այցելությունը Մայր աթոռ սուրբ Էջմիիածին, հանդիպումը լրագրողների հետ: Նա նույնիսկ հասցրեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ուղեկցությամբ զբոսնել Հանրապետության հրապարկում, վայելել երգող շատրվանները, շփվել ժողովրդի հետ: Հատուկ տեղ էր զբաղեցնում նրա այցելությունը Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ Ծիծեռնակաբերդ, որտեղ նա եղևնի տնկեց Հիշողության պուրակում, այնուհետև ցեղասպանության թանգարան-ինստիտուտ այցելելուց, որտեղ Հուշամատյանում գրեց. «Ֆրանսիան չի մոռանում»: Սարկոզին ցնցված էր Ծիծեռնակաբերդով: Ինչպես ավելի ուշ նա խոստովանեց լրագրողներին, Ծիծեռնակաբերդը կդառնա նրա կյանքի ուժեղագույն հիշողություններից մեկը: «Այդ թանգարանն ինձ հիշեցրեց Յադ Վաշեմի թանգարանը և Ռուանդայում ցեղասպանության թանգարանը»,- ասել է նա և հավելել, որ հասկանում է միլիոնավոր հայերի զգացմունքները:

Բայց արի ու տես, որ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելելը նեղացրեց արդեն Բաքվին, որի համար այլ երկրների նախագահների այցելության պարտադիր կետ է այցելությունը Շահիդների պուրակ, ինչը Սարկոզին չարեց: Ֆրանսիայի նախագահի նման քայլի բացատրությունը ստանալու համար ադրբեջանական կողմը, չգիտես ինչու, դիմեց ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզային, որը հրաժարվեց «հանգստացնել» վիրավորված Ադրբեջանին և սահմանափակվեց այն պատասխանով, որ «նա ոչ Ֆրանսիայի դեսպան է, ոչ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ»: Ընդհանուր առմամբ Սարկոզիի այցը ստացվեց բավականին համեստ:

Ընդհանրապես տպավորություն է ստեղծվում, որ ողջ տարածաշրջանային այցը մտածվել էր մեկ նպատակով՝ ժամանել Երևան, շփվել հայերի հետ, նրանց միջոցով գրավել Ֆրանսիայի հայ համայնքին:

Իսկ որոշ հայ քաղաքագետների շարքում Ֆրանսիայի նախագահը այցը ոգևորվածություն չառաջացրեց: Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիի երկօրյա այցը Հայաստան կարելի է ապարդյուն համարել, և այն ընդամենն ընդգծել է երկու երկրների միջև առկա երկկողմանի հարաբերությունները: Այդ մասին հայտարարել է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: «Սարկոզին ոչ մի նոր բան չի ասել թե Հայոց ցեղասպանության, թե ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ»,- ասել է նա: Միաժամանակ քաղաքագետը հավելել է, որ Ֆրանսիան ընդունակ չէ ոչինչ ասել ոչ ղարաբաղյան հակամարտության, ոչ հայ-թուրքական հարաբերությունների մասին, ավելին, նա ընդունակ չէ փոխել տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակը: «Նույնիսկ Եվրոպան չի կարող»,- ասել է նա:

Ինչպես նշել է Շաքարյանցը, Թուրքիան արդեն պատասխանել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Սարկոզիի կոչին` հիշեցնելով Ֆրանսիայի գաղութային անցյալի մասին: Այդ առումով հայ քաղաքագետը հավելել է, որ դա հերթական անգամ ցույց է տվել, որ Թուրքիայից երբեք պետք չէ սպասել քաղաքակիրթ պատասխանի, «թուրքը միշտ թուրք է մնում»:

Իսկ մեկ այլ քաղաքագետ Մենուա Սողոմոնյանը կարծում է, որ Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիի հայտարարությունն այն մասին, որ Ֆրանսիան կարող է ընդունել Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, ուղղված են Ֆրանսիայի պետական շահերի պաշտպանությանը, ֆրանսահայերի իրավունքների ու շահերի պաշտպանությանը: «Սա սթափեցնող քայլ է ժխտողական քաղաքականություն վարող Թուրքիայի համար»,-ասել է նա:

Սողոմոնյանը կոչ է արել հայկական ԶԼՄ-ներին չպայմանավորել Սարկոզիի հայտարարությունը միայն ֆրանսահայերի աջակցությունը ստանալու ձգտումով, թեև չի բացառել նաև այդ գործոնը: Նա նաև նշել է, որ հայերը Ֆրանսիայի քաղաքացիներ են և նրանցից շատերը հստակ կողմնորոշում ունեն ընտրությունների հարցում:

Ինչ վերաբերում է ֆրանս-թուրքական հարաբերությունների հնարավոր վատթարացմանը, ապա, ըստ քաղաքագետի, Սարկոզիի հայտարարությունները կարող են անդրադառնալ երկու երկրների քաղաքական շփումների վրա,սակայն, հազիվ թե անդրադառնան տնտեսական համագործակցության վրա:

Կօգնի՞ արդյոք Սարկոզիի այցը նվաճել հայ ընտրողների սրտերը, դեռ պարզ չէ: Բայց մոտ ապագան, մասնավորապես, Ֆրանսիայում նախագահական ընտրությունները ցույց կտան, թե ինչով կավարտվի Նիկոլյա Սարկոզիի հայկական ֆլիրտը:

Մարինա Անանիկյան / PanARMENIAN News
19  07.10.11 - Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին մեկնեց Հայաստանից
6  06.10.11 - Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին զբոսնում է Հանրապետության հրապարակով
15  07.10.11 - Ֆրանսիայի և Հայաստանի նախագահների ելույթը և Ռոդենի արձանի բացումը Ֆրանսիայի հրապարակում
17  06.10.11 - Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին Ծիծեռնակաբերդում
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---