Կոնգրեսականներ. ԱՄՆ-ը պետք է Թուրքիայի ռազմատենչ հռետորության հարց բարձրացնի նախքան նրան սպառազինություն վաճառելը

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսականներ Շելլի Բերքլին, Էլիոթ Էնգելը, Գաս Բիլիրաքիսը, Մայքլ Գրիմը, Քարոլին Մալոնին և Ֆրենք Փելոունը նամակ են ուղղել իրենց գործընկերներին և ԱՄՆ-ում տարբեր ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին՝ կոչ անելով միանալ Թուրքիային սպառազինության վաճառքն արգելելու մասին 83 բանաձևին։

«ԱՄՆ իշխանությունները պետք է Թուրքիայի ռազմատենչ հռետորության հարց բարձրացնեն նախքան նրան սպառազինություն վաճառելը։ Թուրքիան ամերիկյան շահերին հակասող քաղաքականություն է վարում։ Ավելին, նա հակամարտության մեջ է մտնում ԱՄՆ դաշնակիցների, օրինակ ԵՄ հետ, ինչպես նաև շարունակում է ռազմատենչ հռետորությունը Կիպրոսի և Իսրայելի հասցեին, շրջափակում Հայաստանն ու հրաժարվում ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,- ասվում է նամակում։

Ինչպես հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը, վերջինս միացել է այդ բանաձևին, ինչպես դա արել են քրդական և հունական համայնքների ներկայացուցիչները։ «Մենք միանում ենք մեր քուրդ, հույն և իսրայելցի բարեկամներին, բոլոր նրանց, ովքեր հարգում են մարդու իրավունքներն ու հանդես գալիս հարցերի խաղաղ լուծման կողմից»,- այս կապակցությամբ նշել է հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։

«Որպես ՆԱՏՕ-ի անդամ՝ մենք պետք է կանխատեսեինք, որ Թուրքիան իր դիրքորոշումն է ունենալու նշված հարցերում։ Ուստիև գտնում ենք, որ այժմ լավագույն ժամանակը չէ նրան զենք վաճառելու համար՝ ևս մեկ անգամ ընդգծելով թուրքական իշխանությունների ռազմական տրամադրությունը»,- նամակում նշել են կոնգրեսականները։

Անցյալ ամիս ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման առաջարկեց Թուրքիային 111 մլն դոլարի սպառազինության մատակարարման մասին պայմանագիր կնքել։ Առաջարկի համաձայն, Թուրքիային պետք է AH-1W Super Cobra ռազմական ուղղաթիռներ, շարժիչներ, պահեստամասեր, ուսումնական սարքավորումներ, ինչպես նաև տեխնիկական փաստաթղթեր վաճառվեին։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---