Արշիլ Գորկու անանուն կտավը Christie’s-ում վաճառվեց ավելի քան 900.000 դոլարով

Արշիլ Գորկու անանուն կտավը Christie’s-ում վաճառվեց ավելի քան 900.000 դոլարով

PanARMENIAN.Net - Աշխարհի ամենահայտնի աճուրդի տներից մեկում` Christie’s-ում` նոյեմբերի 8-ին վաճառվել է հայազգի աշխարհահռչակ նկարիչ Արշիլ Գորկու 1941 թ-ի անանուն կտավը: Ինչպես նշված է աճուրդի տան կայքում, կտավի նախնական գինը կազմել է 600.000 ԱՄՆ դոլար և վաճառվել է 902,500 ԱՄՆ դոլար գումարով: Օրվա ամենաթանկ վաճառված կտավը Մարկ Ռոտկոյի «Սպիտակ ամպ»-ն է` 18.562500 դոլարով:

Արշիլ Գորկին` Ոստանիկ Ադոյանը ծնվել է Վանի մերձակա Խորգոմ գյուղում 1902-1905թթ. միջև: Գորկին լքել է Վանը 1915թ. Հայոց ցեղասպանության հետևանքով և մոր ու 3 քույրերի հետ անցել է Ռուսաստանի կողմից վերահսկվող տարածք: 1919թ. Գորկու մայրը վախճանվել է սովից Երևանում, իսկ Գորկին մեկնել ԱՄՆ, հոր մոտ: Որոնելով իրեն, նա փոխում է անունը, դառնալով Արշիլ Գորկի, այդպիսով ակնարկելով իր սիրած գրող` Մաքսիմ Գորկուն: 1922թ. Գորկին ընդունվել է Բոստոնի Դիզայնի նոր դպրոցը, սկզբում նկարում է իմպրեսիոնիստների ազդեցության ներքո, ավելի ուշ` պոստիմպրեսիոնիստների (այդ ժամանակ նա բնակվում է Նյու Յորքում): Գորկու առաջին անհատական ցուցահանդեսը տեղի է ունեցել Մելոնի պատկերասրահում 1931թ.:

1930-ականներին Գորկին սերտորեն համագործակցում էր Ստյուարտ Դևիսի, Վիլլեմ դը Կունինիգի և Ջոն Գրեմի հետ: 1944թ. նա ծանոթացավ Անդրե Բրետոնի և հայտնի այլ սյուրռեալիստների հետ:

Գորկին միաժամանակ պատկանում է և սյուրռեալիզմին (նա խմբի վերջին անդամն էր) և աբստրակտ էքսպրեսիոնիզմին, որի հիմնադիրներից մեկն է համարվում:

Առավել հայտնի են Գորկու` «Նկարչի և նրա մոր դիմանկարը» (1926-36թթ.), «Բնանկար Սեզանի ոճով» (1927), «Ինքնադիմանկար» (1937), «Կազմակերպություն» (1933-36),«Կոմպոզիցա» (1936-39),«Այգի Սոչիում» (1943), «Աքլորի լյարդն ու կատարը», «Ինչպես է իմ մոր ասեղնագործ գոգնոցը ծավալվում իմ ճակատագրում» (1944), «Բարի հույսի փողոցը» (1945), «Հոգեվարք», «Նշանադրություն 2» (1947) նկարները: Գորկին ինքնասպան է եղել 44 տարեկանում:

Գորկին համարվում է XX դարի ամերիկյան ամենազդեցիկ նկարիչներից մեկը, նրա նկարները ցուցադրվում են ԱՄՆ բոլոր խոշորագույն պատկերասրահներում, ինչպես նաև Լոնդոնի «Թեյթ» պատկերասրահում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---