Կահիրեում տեղի ունեցավ Հայաստանին և Հայկական հարցին նվիրված գիտաժողով

PanARMENIAN.Net - Կահիրեի համալսարանի Հայագիտական ուսումնասիրությունների կենտրոնում նոյեմբերի 14-15-ը տեղի է ունեցել «Հայաստանն արաբական և արևմտյան աղբյուրներում» թեմայով չորրորդ միջազգային գիտաժողովը, որն այս անգամ նվիրվել է Հայաստանի Հանրապետության Անկախության 20-ամյակին: Այն կազմակերպվել էր Կահիրեի համալսարանի ռեկտոր Հուսամ Քամելի հովանավորությամբ և Եգիպտոսում ՀՀ դեսպանության աջակցությամբ, հաղորդում է Հայաստանի ԱԳՆ մամլո ծառայությունը:

Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ԵԱՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահիդ Գալալը, անվանի եգիպտացի մտավորականներ, Կահիրեի և այլ համալսարանների պրոֆեսորներ, ուսանողներ, ինչպես նաև եգիպտահայ համայնքի ներկայացուցիչներ:

Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանն իր ելույթում բարձր է գնահատել կենտրոնի դերը հայ-արաբական գիտակրթական և մշակութային համագործակցության զարգացման գործում: ՀՀ դեսպանն ընդգծել է, որ գիտաժողովի ծրագրում ավելի քան 20 եգիպտացի գիտնականների զեկուցումների առկայությունը խոսուն վկայությունն է այն հանգամանքի, որ Կենտրոնին հաջողվել է իր գործունեության ընդամենը մի քանի տարիների ընթացքում կտրուկ ավելացնել հետաքրքրությունը հայագիտության նկատմամբ Եգիպտոսի գիտական շրջանակներում:

Երկօրյա գիտաժողովին զեկուցումներով հանդես են եկել նաև Հայաստանից, Սիրիայից և Լիբանանից ժամանած մասնագետներ: Հինգ նիստերից մեկն ամբողջությամբ նվիրված էր Օսմանյան կայսրությունում Հայկական հարցին: Հատկապես մեծ հետաքրքրություն առաջացրին Մուհամմադ Ռեֆաթ Ալ-Իմամի «Հայկական հարցի նկարագրությունը ժամանակակից արաբական գրականությունում (1878-1923թթ)», Ալի Սաբեթ Սաբրիի «1894-1896թթ հայկական ջարդերը ակադեմիական տեսանկյունից», Նարինե Հարությունյանի (Հայաստան) «1894-1896թթ հայկական ջարդերի արտացոլումը Կահիրեի «Ալ-Մուշիր» ամսագրում», Նորա Արիսյանի (Սիրիա) «Հայերը սիրիական մամուլում» զեկուցումները: Գիտաժողովի նյութերը տպագրվելու են առանձին գրքով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---