Ադրբեջանի տարօրինակ տրամաբանությունը կամ խցանումներ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ լուծման ճանապարհին

Ադրբեջանի տարօրինակ տրամաբանությունը կամ խցանումներ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ լուծման ճանապարհին

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի ավելի քան 10 անդամ երկրներ ցանկանում են ակտիվորեն մասնակցել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծմանը, չորեքշաբթի օրը լրագրողներին է հայտնել Ադրբեջանի Միլլի Մեջլիսի (խորհրդարանի) փոխխոսնակ Բախար Մուրադովան: Ընդ որում, նա նշել է, որ Ադրբեջանն օժանդակում է այդ երկրների ներգրավումը կարգավորման գործընթացի մեջ:

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ այն երկրների մասնակցությունը, որոնք ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում չունեն այն փորձը, որը ձեռք են բերել Ռուսաստանը, Ֆրանսիան ու ԱՄՆ-ն, գործընթացում խառնաշփոթ կառաջացնի` դրանով իսկ ողջ գործընթացը ետ մղելով և երկարաձգելով խնդրի լուծումը N քանակությամբ տարով: Նման զարգացումն ամենից շատ ձեռնտու է Ադրբեջանին, որը չի կորցնում ռազմական ելքի հույսը և շարունակում է ակտիվորեն զինվել` սպառազինություն գնելով ամբողջ աշխարհով մեկ, ընդ որում` նույն այդ անդամ երկրներից և անգամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից:

Այդ թվում և հնարավորինս կարգավորման գործընթացը երկարաձգելու ցանկությամբ է պայմանավորված ադրբեջանական կողմի ձգտումը` ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը ԵԱՀԿ ՄԽ ձևաչափից տեղափոխել ՄԱԿ-ի ձևաչափ: Չէ որ այդժամ ողջ գործընթացը, ամենայն հավանականությամբ, ստիպված կլինեն նորից սկսել, իսկ դա ևս 10, 20 կամ նույնիսկ 50 տարի կպահանջի, որոնց ընթացքում Բաքուն միանշանակ կփորձի պատերազմ սկսել, որը, չնայած ողջ ադրբեջանական սպառազինությանը, դարձյալ միանշանակ կավարտվի Ադրբեջանի երկրորդ և այս անգամ աղետալի պարտությամբ:

Սակայն ադրբեջանական կողմի գործողությունների անտրամաբանական լինելն այստեղ էլ իմաց տվեց: Նույն Բախար Մուրադովան, արտահայտվելով Մինսկի խմբում Ֆրանսիային համանախագահությունից զրկելու անհրաժեշտության մասին կարծիքների վերաբերյալ, հանդես է եկել բոլորովին անտրամաբանական հայտարարությամբ, որը հակասում է իր իսկ վերը ասված խոսքերին: Ցիտատ. «Համանախագահության ձևաչափի ցանկացած փոփոխություն կերկարաձգի ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: Եթե կա Եվրոպական Միություն և այլ միջազգային կազմակերպություններ, որոնք հնարավորություն ունեն ազդելու բանակցային գործընթացի վրա, նրանք դա կարող են անել նաև Ֆրանսիայի մասնակցության հետ մեկտեղ: Նրա փոխարինումը կարևոր չէ: Անցյալ ժամանակահատվածում երեք համանախագահ երկրները կուտակել են անհրաժեշտ փորձը: Համանախագահող երկրներից մեկի փոխարինումը մյուսով, որը ծանոթ չէ իրավիճակին, կարող է որոշակի խնդիրներ առաջացնել»:

Ըստ երևույթին, ադրբեջանական խորհրդարանի փոխխոսնակն այդպես էլ չի կարողացել կողմնորոշվել` մեկ Բաքվում ողջունում են միանգամից տասնյակ երկրների ներգրավումը ղարաբաղյան գործընթացի մեջ, մեկ էլ խորշում ԵԱՀԿ ՄԽ մեկ համանախագահի փոխարինումից: Մի խոսքով` Ադրբեջանը շարունակում է կրակից նետվել բոցերի մեջ` փորձելով միջազգային հանրության աչքին ղարաբաղյան հիմնախնդրի շուտափույթ լուծման կողմնակից երևալ` «գաղտագողի» հնարավորինս երկարաձգելով նույն այդ լուծումը:

Իսկ ինչ վերաբերում է այլ երկրների ու կառույցների ներգրավմանը ղարաբաղյան գործընթացի մեջ, ապա, ինչպես նշել է Ռուսաստանի Ռազմավարական մշակույթի հիմնադրամի գլխավոր տնօրենի տեղակալ, ՌԳԱ Արևելագիտության Ինստիտուտի Կենտրոնական Ասիայի և Կովկասի ուսումնասիրման կենտրոնի գիտաշխատող, քաղաքագետ Անդրեյ Արեշևը, դա միայն լրացուցիչ դիվանագիտական իրարանցում կառաջացնի: Իսկ այդ իրարանցումը, ինչպես և խցանումները, երկար ժամանակ չներծծվելու սովորություն ունեն:

Մարինա Անանիկյան / PanARMENIAN News
Հղումներ թեմայով.
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---