Երևանում մեկնարկել է ԱՊՀ երկրների երիտասարդ աստղագետների կոնֆերանսը

Երևանում մեկնարկել է ԱՊՀ երկրների երիտասարդ աստղագետների կոնֆերանսը

PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ ԳԱԱ նախագահությունում տեղի է ունեցել ԱՊՀ երկրների երիտասարդ գիտնականների կոնֆերանսի պաշտոնական բացումը: Կոնֆերանսի թեման է «Տիեզերական դարաշրջանի 50 տարին. երկնքի իրական և վիրտուալ ուսումնասիրություններ», հայտնում են Հայկական աստղագիտական ընկերությունից:

Բացման արարողությանը ներկա են եղել և ողջույնի խոսքով հանդես եկել ՀՀ ԳԱԱ նախագահ ակադ. Ռադիկ Մարտիրոսյանը, Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանի խորհրդական և Հայաստանում «ՌոսՍոտրուդնիչեստվո»-ի ներկայուցչության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը, Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտան, Եվրասիական աստղագիտական ընկերության համանախագահ Նիկոլայ Սամուսը և Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ և կոնֆերանսի կազմկոմիտեի նախագահ Արեգ Միքայելյանը:

Կոնֆերանսին մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Լատվիայի, Լիտվայի և Տաջիկստանի մոտ 50 ուսանողներ և երիտասարդ գիտնականներ, ինչպես նաև եվրոպացի, ռուս և հայ դասախոսներ, որոնք կկարդան դասախոսություններ:

Ուսանողները ելույթ կունենան իրենց մագիստրոսական կամ թեկնածուական թեզերի և հետազոտությունների թեմաներով: Կանցկացվեն նաև գործնական պարապմունքներ, կկազմակերպվի այցելություն Բյուրականի աստղադիտարան և Հայաստանի տեսարժան վայրեր: Կոնֆերանսի աջակիցն է ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---