Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար հանդիպման մրցավարը կլինի Աշոտ Վարդապետյանը

Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար հանդիպման մրցավարը կլինի Աշոտ Վարդապետյանը

PanARMENIAN.Net - Շախմատի ՖԻԴԵ-ի աշխարհի չեմպիոնի կոչման համար հանդիպումն աշխարհի գործող չեմպիոն Վիշվանաթան Անանդի (Հնդկաստան) և շախմատի թագի հավակնորդ Բորիս Գելֆանդի (Իսրայել) միջև տեղի կունենա Մոսկվայում 2012թ. մայիսին: Հանդիպման անցկացման պայմանագիրը ստորագրվել է շաբաթ օրը Մոսկվայում: Փաստաթղթի ներքո ստորագրել են Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահ Կիրսան Իլյումժինովը, Ռուսաստանի շախմատի ֆեդերացիայի դիտորդական խորհրդի նախագահ, ՌԴ նախագահի օգնական Արկադի Դվորկովիչը, ինչպես նաև Անանդն ու Գելֆանդը:

Հանդիպումը տեղի կունենա մայիսի 10-ից 31-ը Տրետյակովյան պատկերասրահում: Մրցակիցները կխաղան 12 պարտիա ժամանակի դասական հսկողությամբ: Հանդիպման հաղթողը կհայտարարվի աշխարհի չեմպիոն: Ոչ ոքի արդյունքի դեպքում հաղթողը կորոշվի թայ-բրեյքում: Հանդիպման մրցանակային ֆոնդը կկազմի $2 մլն 550 հազ., այն հանդիպման հաղթողի և պարտվողի միջև կկիսվի 60% - 40% հարաբերությամբ:

Ինչպես շաբաթ օրը կայացած մամլո ասուլիսում հաղորդել է Իլյումժինովը, շախմատի ՖԻԴԵ-ի աշխարհի չեմպիոնի կոչման համար հանդիպման մրցավարը կլինի Աշոտ Վարդապետյանը:

Պայմանագիրը կնքելուց հետո Անանդն ասել է. «Ես շատ ուրախ եմ այս պայմանագրի ստորագրմանը, ինչպես նաև հաջորդ տարվա մայիսին Մոսկվա վերադառնալու հնարավորությանը, որպեսզի պաշտպանեմ իմ տիտղոսը: Քիչ առաջ մենք այցելեցինք գալիք մրցաշարի վայրը, դա շատ գեղեցիկ պատկերասրահ է: Ես հուսով եմ, որ այդ վայրը մեզ կոգեշնչի, որպեսզի մենք շատ գեղեցիկ, արտիստիկ շախմատ խաղանք»:

Գելֆանդն իր հերթին նշել է. «Ինձ համար մեծ պատիվ է ստորագրել այդ պայմանագիրը: Այն, որ հանդիպումն այդպիսի հրաշալի վայրում է տեղի ունենալու, մեծ իրադարձություն է շախմատի համար: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր հնարավոր դարձրեցին այս հանդիպման անցկացումը», հաղորդում է Ինտերֆաքսը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---