ԲԱՔՎԻՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ` «ՕԿՈՒՊԱՑՎԱԾ» ՇՐՋԱՆՆԵՐԸ ԿԱՄ ՆԱՏՕ-Ի ՌԱԶՄԱԿԱՅԱՆՆԵՐԸ

PanARMENIAN.Net - 2004 թ.հունվարի ընթացքում կլուծվի այն հարցը, թե Ադրբեջանում կտեղակայվեն արդյոք ՆԱՏՕ-ի շարժական ռազմակայանները, թե Բաքուն կհամաձայնվի այդ ծրագրերից հրաժարվելու Մոսկվայի առաջարկությանը` «օկուպացված» երկու-երեք շրջան վերադարձնելու խոստման փոխարեն, Բաքվի «Էխո» թերթին է հաղորդել Ադրբեջանի պաշտպանության նախարարության իրազեկ աղբյուրը: Մինչդեռ Ապշերոնի թերակղզում տեղակայված ռազմական ստորաբաժանումներից մեկի սպան նախօրեին հաղորդել է թերթին, որ «F» տիպի ամերիկյան ռազմական ինքնաթիռները արդեն գտնվում են Նասոսնի բնակավայրում գտնվող ռազմական օդանավակայանի տարածքում: Բացի այդ, արդեն որոշ ժամանակ է ինչ շրջապատված է «Գարաէյբաթ» ռազմական հրաձգարանը Ղարադաղի շրջանում: «Հեռադիտակներով մենք տեսել ենք ամերիկյան ռազմական բեռնատարներ, որոնք ռազմական տեխնիկա եւ սպառազինություն էին բերում: Երեւում էր, որ հրաձգարանում ինչ-որ բան է կառուցվում»,-ասել է նա: Պաշտպանության նախարարության իրազեկ աղբյուրը ենթադրել է, որ թուրք զինվորականներն են խորհուրդ տվել ՆԱՏՕ-ի իրենց գործընկերներին օգտագործել այդ հրաձգարանը տարբեր նապատակների համար: Ինչ վերաբերում է Նասոսնիյում գտնվող օդանավակայանին, ապա, ամենայն հավանականությամբ, այն կդառնա ՆԱՏՕ-ի զորքերի շարժական խմբերի տեղակայման վայրը, նշել է աղբյուրը: Ադրբեջանում օտարերկրյա զորքերի հետագա տեղակայման համար որոշակի նախապատրաստություններ արդեն տարվում են, հայտարարել է նա: Ընդ որում աղբյուրը հաղորդել է, որ 2004 թվականի առաջին եռամսյակում որոշ տեղաշարժ է սպասվում ղարաբաղյան հարցի լուծման առնչությամբ: «Լուրջ մակարդակով խոսակցություններից» նրան հայտնի է դարձել, որ Մոսկվան խոստանում է Բաքվին աջակցել խաղաղ ճանապարհով մի քանի օկուպացված շրջանների ազատմանը, որի փոխարեն Ադրբեջանը պետք է հետաձգի իր տարածքում ՆԱՏՕ-ի ռազմակայանների տեղակայումը: Այդ ուղղությամբ այժմ ռուսական կողմից լուրջ աշխատանք է տարվում: Նրա խոսքերով, արդեն հունվարին կարող է տեղի ունենալ նախագահներ Իլհամ Ալիեւի եւ Վլադիմիր Պուտինի պաշտոնական հանդիպումը, որից հետո լուրջ փոփոխություններ կդիտվեն ղարաբաղյան հարցում: Աղբյուրի համաձայն, որպես փոխհատուցում Ադրբեջանի համար «Ռուսաստանը կարող է առաջարկել Ֆիզուլին, Կուբաթլին եւ, հնարավոր է մոտակայքում գտնվող տարածքի այլ մասեր, խոսքը գնում է հենց երեք շրջանների մասին»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---