Սամվել Մարտիրոսյան. Հանրությունը տեղյակ չէ ինչպես պաշտպանել համակարգիչը վիրուսներից

Սամվել Մարտիրոսյան. Հանրությունը տեղյակ չէ ինչպես պաշտպանել համակարգիչը վիրուսներից

PanARMENIAN.Net - Այսօր տեղեկատվական անվտանգության պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ կայացած մամլո ասուլիսի ժամանակ ՏԱ փորձագետ Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ Հայաստանում հաքերային գործողությունները քրեորեն պատժելի են։ «Մենք ունենք տարբեր օրենքներ, վիրուսներ գրելու և տարածելու հետ կապված, կայքեր կոտրելու և այլն։ Կան տարբեր ադրբեջանական հաքերային խմբեր, որոնք գործում են ոչ թե հենց Ադրբեջանից, այլ ուրիշ տարածքից և եթե օրինակ մենք նրանց գտնենք, իհարկե, կարող ենք բռնել և գործ հարուցել։ Սակայն ՏԱ պաշտպանվածության խնդիրը միայն վեբ կայքերը կոտրելուն չի վերաբերում։ Հայաստանի ինտերնետ օգտագործողների 90%-ի համակարգիչների և ֆլեշ-կրիչների մեջ վիրուսներ կան։ Սա խոսում ՏԱ պաշտպանվածությունից անիրազեկ լինելու մասին»,-ասաց Սամվել Մարտիրոսյանը։

Ըստ նրա, Հայաստանում կա հանրության ՏԱ կրթության մեծ խնդիր, հանրության հետ աշխատանքներ չեն տարվում այս ուղղությամբ և մարդիկ մնում են անիրազեկված։

«Այսօր ինտերնետի գները մատչելի են դարձել և շատերին հասանելի, համակարգիչներն էլ ապառիկ պայմաններով են վաճառում։ Այս ամենը նպաստում է ինտերնետ օգտագործողների թվի արագ աճին։ Սակայն մարդը, որն 2011-ին առաջին անգամ է մտնում համացանց, չի իմանում, որ իր էլփոստին եկող 50 մլն դոլար շահելու առաջարկով նամակը պետք չէ բացել, որ հնարավոր է իր համակարգչի մեջ տեղակայված վիրուսն իր Odnoklassnik-ի էջը շաբաթը երեք անգամ կոտրված լինելուց է։ Նրանք գիտեն, որ համակարգչում պետք է հակավիրուսային ծրագիր ունենալ, բայց որ այն պետք է թարմացնել պարբերաբար, տեղյակ չեն»,-նշեց նա։

ՏԱ ոլորտի մասնագետ և փորձագետ Ռուբեն Մուրադյանի խոսքով, մարդիկ կսկսեն մտածել ՏԱ պաշտպանության մասին միայն այն ժամանակ, երբ բացահայտ ֆինանսական կորուստներ ունենան։ «Հայաստանում ինտերնետ banking-ը այդքան տարածված չէ։ Երբ մարդիկ սկսեն իրենց վիրտուալ հաշիվներից գումարներ կորցնել, նոր կհասկանան ՏԱ կարևորությունը»,-նշեց նա։

Ռուբեն Մուրադյանը, խոսելով ՀՀ-ում առկա կիբերանվտանգության օրենքների լավ կամ վատ լինելու մասին, ասաց, որ կա օրենքների կիրառելության խնդիր։ «Մենք կամ չենք տեղեկանում հաքերային հանցագործությունների մասին, կամ էլ դրանք պարզապես չեն հասնում դատական մակարդակի։ Քանի դեռ չունենք օրենքը կիրառելու պրակտիկա, չենք կարող խոսել օրենքի բացերի մասին»,- ավելացրեց նա։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---