Գյումրի-Կարս տնտեսական համաժողովը մեկնարկել է Գյումրիում

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 14-ին Գյումրիում մեկնարկեց Գյումրու զարգացման հիմնադրամի կողմից կազմակերպված Գյումրի-Կարս տնտեսական համաժողովը: Այս եռօրյա միջոցառումը կազմակերպվել է «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավմանը» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) օժանդակությամբ` Եվրասիա համագործակցություն հիմնադրամի, Երևանի մամուլի ակումբի, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության կոնսորցիումի կողմից: Ֆորումը համաֆինանսավորվում է բրիտանական «Միջազգային տագնապ» (International Alert) կազմակերպության կողմից:

Երկրորդ անգամ անցկացվող ֆորումը համախմբել է շուրջ 30 հայկական և թուրքական ընկերությունների, այդ թվում` պանրագործների, գինեգործների, մսի և կաթի արտադրության ոլորտի, զբոսաշրջության և ռեստորանային գործի, ինչպես նաև քարի մշակման մասնագետների Գյումրի, Վանաձոր և Կարս քաղաքներից:

Ինչպես նշվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի մամլո ծառայության հաղորդագրության մեջ, դեկտեմբերի 15-ին, նախատեսված են առանձին թեմատիկ խմբերի այցեր տեղական գործարաններ և ծանոթացում հայկական արտադրանքի ու տեխնոլոգիաների հետ: Ֆորումը կամփոփվի դեկտեմբերի 16-ին` թեմատիկ խմբերի ներկայացումներով և համագործակցության ծրագրերի քննարկմամբ:

Գյումրի-Կարս տնտեսական ֆորումը յուրօրինակ հնարավորություն է ընձեռում Հայաստան-Թուրքիա գործարար շրջանակների միջև համագործակցությունը խթանելու, մասնավորապես, Գյումրի և Կարս սահմանակից քաղաքների միջև տնտեսական համագործակցություն ու երկխոսություն կառուցելու համար: Առաջին Գյումրի-Կարս տնտեսական ֆորումն անցկացվել է 2008 թ-ին Կարսում:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---