Եգիպտոսը քաղում է «ժողովրդավարական» ընտրությունների պտուղները

Եգիպտոսը քաղում է «ժողովրդավարական» ընտրությունների պտուղները

PanARMENIAN.Net - Դեռևս ոչ վաղ անցյալում աշխարհիկ Եգիպտոսի զարգացման ընթացքն ավելի արմատական մահմեդական ուղղությամբ հեշտությամբ կարելի էր կանխագուշակել խորհրդարանական ընտրությունների առաջին փուլում «Մահմեդական եղբայրներ» իսլամիստների հաղթանակից հետո: Եգիպտոսի նոր իշխանությունները բավական օպերատիվ կերպով սկսեցին վերակառուցել երկրի և հասարակության կառուցվածքը, ինչի ապացույցը դարձավ քրիստոնյաների համար շնչահարկի ներմուծման մասին նրանց առաջարկը:

«Եգիպտոսի քրիստոնյաները չեն վճարի ջիզյա (շնչահարկ), որի ներմուծումը պահանջում են իշխանության եկած սալաֆիթները: Մենք հրաժարվում ենք, անգամ եթե դա նահատակություն է սպառնում»,- եգիպտական հեռուստատեսությամբ նախօրեին հայտնել է ղպտական կաթոլիկ եպիսկոպոս Յուհաննա Գոլթան, հաղորդում է Седмица.ru-ն:

Եթե իսլամիստական մեծամասնությունը եգիպտական խորհրդարանում իսկապես ներմուծի այդ օրենքը, քրիստոնյաները մտադիր են օգնության խնդրանքով դիմել Ալ-Ազհար խոշորագույն իսլամական համալսարանի մասնագետներին և չափավոր մահմեդականներին, հայտնել է եպիսկոպոսը:

Եպիսկոպոսի հայտարարությունը պատասխան դարձավ արմատական իսլամիստների պահանջներին, որոնց համաձայն քրիստոնյաները կամ պետք է ջիզյա վճարեն, ինչպես դա նախատեսում է հնագույն իսլամական կարգը, կամ լքեն երկիրը:

Ջիզյան ամենամյա շնչահարկն է, որը գանձվում է բոլոր արական սեռի ոչ մահմեդականներից, բացառությամբ հոգևորականների:

Ակնհայտ է, որ Եգիպտոսը որոշել է վերադարձնել անցյալ դարերի «բարի» ավանդույթները, որոնցից Արևմուտքը երկար տարիներ փորձում էր ազատվել, ինչի արդյունքում ստեղծվեցին մարդու իրավունքների կոնվենցիաները, ՄԱԿ-ը, ինչպես նաև բազմաթիվ իրավապաշտպան կազմակերպություններ:

Նշանակալի է, որ հենց այդ կառույցներն օգնեցին բողոքարարներին, որոնց թվում էին նաև «Մահմեդական եղբայրները», հաղթանակ տանել Մուբարաքի վարչակարգի հանդեպ:

Բայց թվում է, որ խոսքի ազատությունն ու մարդու իրավունքները, որոնց օգնությամբ նրանք իշխանության եկան, արագորեն փոխակերպվեցին դավանական խտրականության, որը հակասում է բոլոր այդ սկզբունքներին:

Գոհար Կարապետյան
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---